Նախօրեին հայտնի դարձավ, որ հերթական անգամ չեղարկվել է ռուս երգչուհի Իրինա Ալեգրովրայի՝ մարտի 5-ին նախատեսված երևանյան համերգը: Համերգի կազմակերպմամբ զբաղվում էր «Ֆորպոստարտ Պրոդաքշն» ընկերությունը, որը նախքան այդ նախաձեռնել էր համաշխարհային այստեղ Սարա Քոնորի, Էռոս Ռամազոտիի, ռուսական «Լենինգրադ» խմբի երևանյան համերգները, ապա համերգից մի քանի օր առաջ հայտարարել համերգի չեղարկման մասին: Տոմսերը գնած քաղաքացիները մի քանի անգամ դատական հայց են ներկայացրել «Ֆորպոստարտ Պրոդաքշնի» դեմ՝ տոմսերի գումարները ետ վերադարձնելու պահանջով: Նշենք, որ Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների և «Ֆորպոստարտ Պրոդաքշնի» միջև դատական վեճը դեռ շարունակվում է:
Այսօր էլ «Ֆորպոստարտ Պրոդաքշնի» տնօրեն Զառա Մխեյանը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում:
«Ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: Սա ես գրում եմ սրտի մեծ ցավով, կարելի է ասել, արցունքների միջից: Որտեղ էլ ես ապրեմ, որտեղ էլ ծավալեմ իմ գործունեությունը, Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է բոլոր առումներով: Եվ դա բնական է: Սակայն բնական չէ, որ ես հե՛նց այստեղ եմ դադարեցնում իմ ղեկավարած ընկերության գործունեությունը: Դա ավելի քան խոսուն փաստ է առ այն, որ մեր երկիրը լուրջ վերափոխումների կարիք ունի»,-նշված է հաղորդագրությունում:
Զառա Մխեյանը նաև հայտնել է, թե Ալեգրովայի ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Իսկ մյուս չկայացած համերգների տոմսերին խոշոր գումարներ վճարած քաղաքացիների մասին հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա:
Հուսով ենք՝ դատարանն այս ընկերության կպարտադրի փոխհատուցել իրենց գործունեությունից տուժած մյուս քաղաքացիների կրած վնասը ևս, իսկ շուկայում կսկսեն գործել միայն բարեխիղճ ու պատասխանատու ընկերություններ: