Լևոն Բ Ռուբինյանը
Advertisement 1000 x 90

Լևոն Բ Ռուբինյանը

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է հայոց նշանավոր արքա Լևոն Բ-ի պատմությունը:

Հայոց պետականաստեղծ, ռազմաքաղաքական գործիչների մեջ իր առանձնակի փայլուն տեղն ունի Կիլիկիայի հայկական թագավորության ստեղծողը` Լևոն Բ Ռուբինյանը (1150 – 1219 2 մայիսի):

Լևոնը Կիլիկիայի հզոր իշխաններից մեկի` Մլեհի Ստեփանոս եղբոր կրտսեր որդին էր: Մլեհ իշխանը մեծ դեր է կատարել Կիլիկիայի հայկական իշխանապետության կայացման ու ամրապնդման գործում: Նա հմուտ դիվանագետ էր և քաջ զորական: Մլեհը եզակի գործիչ էր, որ դաշնակցած հայերի մահմեդական հարևանների հետ` պայքար էր մղում քրիստոնյա-խաչակիրների դեմ: Պետք է նշել, որ Լևոն Բ Մլեհ իշխանի իսկական հոգեզավակը եղավ` քաղաքականության մեջ ապավինելով Մլեհի ուսմունքին` Ամեն ինչ հանուն հայրենիքի:

Եղբոր` Ռուբեն Գ գահակալության տարիներին Լևոնը Կապան սահմանային ամրոցի բերդակալն էր և կարևոր դերակատարություն ուներ Կիլիկիայի ներքաղաքական կյանքում: Շուտով Կիլիկիայի հայկական իշխանությունը բախվում է Անտիոքի խաչակիրների դքսության հետ և Ռուբեն Գ գերվում է: Եղբոր բացակայության ժամանակ Լևոնը իր ձեռքում է կենտրոնացնում երկրի իշխանությունն ու վնասազերծում է վտանգը: Գերությունից վերադարձած Ռուբեն Գ 1187 թվականին կամավոր եղբորն է հանձնում Կիլիկիայի կառավարումն ու քաշվում է Արքակաղնի վանք, ուր էլ կնքում է մահկանացուն:

Գահակալման առաջին իսկ օրից Լևոն Բ ստիպված էր պատերազմել Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սուլթանության զորքերի դեմ, որոնց ջարդեց Ռավինի ճակատամարտում, ինչպես նաև Հալեպի սուլթանին, որի հետ կնքեց պայմանագիր, որով սուլթանությունը կախման մեջ ընկավ հայկական իշխանությունից:

Սակայն Լևոն Բ իշխանության իրական վտանգն սպառնում էր հարավից` Եգիպտոսի Էյյուբյան սուլթան Սալահ ադ-Դինից, որի զորության առջև դողում էր ողջ Արևելքը: Սակայն հայոց իշխանը խելամիտ դիվանագիտությամբ կանխեց Սալահ ադ-Դինի հարվածը` նրա վրա ուղղորդելով Երրորդ խաչակրաց արշավանքի ելած եվրոպական միապետների ուժերը…

Լևոնը փորձեց առավելագույնը քաղել խաչակրաց արշավանքներից: 1190 թվականին նա կաթողիկոս Ներսես Լամբրոնացուն ուղարկեց Սելևկիա` խաչակիրների հետ բանակցելու: հայոց իշխանը նրանց զինական և նյութական օգնություն է խոստանում, փոխարենը պահանջելով… արքայական թագ:

Սակայն ի հիասթափություն հայոց իշխանի, խաչակրաց այս արշավանքը չհաջողվեց և Լևոն Բ պատրաստվեց միայնակ դիմագրավել ահեղ թշնամուն: Նա նախահարձակ եղավ և Սալահ ադ-Դինի դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Դարպասակ և Պաղրաս ամրոցները: 1193 թվականին Սալահ ադ-Դինը ստանալով նաև Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ աջակցությունը` հսկայական բանակով շարժվեց հայոց վրա: Սակայն, Սև գետի մոտ, Կիլիկիայի սահմանին նա հանկարծամահ եղավ և վիժեց նրա արշավանքը: Սալահ ադ-Դինը իսկապե՞ս հանկարծամահ եղավ…

Ապա հայոց իշխանը ծուղակը գցեց Բոհեմունդ Անտիոքցուն և կալանեց նրան: Ծուղակում հայտնված ոսոխը ոչ միայն հետ վերադարձրեց Ռուբեն Գ խլած հայկական հողերը, այլև Անտիոքի դքսությունը ճանաչեց հայերի գերիշխանությունը:

Լևոնը Ռուբեն Գ դստերը` Ալիսին, ամուսնացրեց Անտիոքսի գահաժառանգի` Ռայմոնդի հետ: Ռայմոնդը որպես պատանդ պիտի ապրեր Սիսում: Այս քայլով հեռատես հայոց իշխանը նախադրյալներ էր ստեղծում` հետագայում Անտիոքի դքսությունը իր տերությանը կցելու համար:

Արևմուտքի պետությունները իրենց նվաճողական քաղաքականությունը կյանքի կոչելու համար Արևելքում պետք է հենարան ունենային: Եվ հանձինս Լևոն Բ և Կիլիկիայի հայոց իշխանապետության տեսան միակ ուժը, որին կարող էին հենվել եվրոպական միապետերը:

1196 թվականին Հռոմեական սրբազան կայսրության /Գերմանիա/ տիրակալ Հենրիխ Զ թագ ուղարկեց Լևոն Բ: Թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիս Գ Անգելոսը: Հայոց թագավորության հռչակումն ու Լևոնի հանդիսավոր թագադրությունը կայացավ 1198 թվականի հունվարի 6-ին, Դաշտային Կիլիկիայի Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում: Լևոն Բ թագադրման արարողությանը ներկա էին ժամանակի բոլոր հզոր երկրների դեսպանները: Արարողության ժամանակ թագը հայոց արքայի գլխին դրեց Մայնցի արքեպիսկոպոս, Հռոմի պապի ներկայացուցիչ Կոնրադ Վիտելբախը: Հատկանշական է, որ Լևոն Բ օծվեց որպես ՙթագավոր ամենայն հայոց, և նահանգին Կիլիկեցվոց և Իսավոյ՚: Նրա թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի լեռներ, ընդգրկելով ավելի, քան 45000 քառակուսի կմ տարածք: Մատենագիրները Կիլիկյան հայոց թագավորությունը անվանել են Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայաստան, Սիսվան, Հայոց աշխարհ անվանումներով:

Լևոն Բ ոչ միայն քաջ զորավար էր, այլև հմուտ դիվանագետ: Դինաստիական ամուսնությունների միջոցով նա ամրապնդեց իր և իր պետության դիրքերը Արևելքում: Մասնավորապես, հայոց արքան կնության առավ Կիպրոսի արքայադուստր Սիպիլ Լուսինյանին, Ռուբեն Գ դուստրերին ամուսնացրեց Անտիոքի և Նիկիայի տիրակալների հետ, հետագայում իր դուստրերին ամուսնացրեց Երուսաղեմի թագավորի և Հունգարիայի արքայազնի հետ:

Թագադրումից հետո Լևոն Բ անցավ իր պետության ամրապնդման գործին: 1201 թվականին նա գրավեց Անտիոքը, այնտեղ գահակալ նշանակեց Ռուբեն-Ռայմոնդին և երկրի խնամակալ կարգեց եղբոր դստերը` Ալիսին: Ապա 1209 թվականին նա ջախջախեց իր երիկրին հյուսիսից սպառնացող Իկոնիայի սուլթանության զորքերին: Մինչև իր կյանքի վերջը նա ևս երկու անգամ ասպատակեց Իկոնիայի սուլթանության տարածքն ու դարձյալ գրավեց Անտիոքը` ստիպելով այդ երկրներին ընդունել Կիլիկիայի թագավորության գերազանցությունը:

Սակայն իր կյանքի մայրամուտին հայոց թագավորը ստիպված էր փոխել իր քաղաքականությունը Անտիոքի դքսության նկատմամբ: տեսնելով, որ իր որդեգիր Ռուբեն-Ռայմոնդը շատ է թուլակամ և ի զորու չէ դիմագրավել մարտահրավերներին, նա ոչ միայն հրաժարվեց Անտիոքը Կիլիկիայի թագավորությանը կցելու մտքից, այլև հեռացրեց Ռուբեն-Ռայմոնդին ասպարեզից և իր գահաժառանգ նշանակեց իր դեռատի դստերը` Զապելին: Հայ իրականության մեջ առաջին անգամ հայոց գահը պիտի ժառանգեր արքայադուստրը…

Լևոն Բ նաև շինարար էր. նրա թագավորության օրոք Կիլիկիայում հսկայածավալ շինարարություն կատարվեց. կառուցվեցին ամրոցներ, արգելապատնեշներ, պալատներ…ռազմական, հոգևոր, կենցաղային նշանակության շինություններ, կատարելագործվեցին երկրի կառավարման, պետական մարմինները, ստեղծվեծ մշտապես գործող 60 000 հզոր ու լավ սպառազինված բանակ: Կիլիկիայի թագավորությունը դիվանագիտական և առևտրական հարաբերություններ սահմանեց եվրոպական երկրների հետ: Ստեղծվեց հայոց առևտրական նավատորմը, մաքսային համակարգ, երկիրը ծաղկում էր բոլոր առումներով:

Լևոն Բ առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքեց Ջենովայի և Վենետիկի հանրապետությունների հետ: Այաս նավահանգիստը դարձրեց առևտրական մեծ կենտրոն, Կիլիկիայի ափամերձ ջրերում պայքարեց ծովահենության դեմ: Կիլիկյան Հայաստանը առևտրական կապերի մեջ էր եվրոպական հեռավոր երկրների հետ: Դեռ Կիլիկյան Հայաստանից շատ առաջ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցածոցը կոչվում էր Հայոց ծոց, որ վկայում է` հայկական նավագնացության առկայության մասին:

Իր հզորության ու մեծագործության համար կիլիկիո առաջին արքան պատմության մեջ մտավ որպես Լևոն Մեծագործ:

Լևոն Բ մեծագործը վախճանվեց 1219 թվականին` ժառանգների համար թողնելով փոքրիկ, բայց ծաղկուն մի երկիր: Արքայի կտակի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սիս մայրաքաղաքում, իսկ սիրտը` Ակների վանքում: Ժամանակակիցները Լևոն Բ արքային մեծարեցին Մեծագործ, Բազմահաղթ, Մեծահաղթ, Բարեպաշտ պատվանուններով:



Նման նյութեր