Շուրջ 1 տարի առաջ հանրությանը ներկայացվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, որի հիմնական հեղինակն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Այն ժամանակ հայտարարվեց, թե ծրագրի նախագիծն արդեն կառավարությունում է, քննարկումներից հետո կհաստատվի: Սակայն մինչ օրս այդ քննարկումները «շարունակվում» են, «հեղափոխական» որակված ծրագիրը մնում է թղթի վրա: Հիշեցնենք, որ դրա հիմքում դրված է բնակարանի կարիք ունեցող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալը, և բնարականային ապահովման լուծում է առաջարկվում սոցիալական տարբեր խավերի համար: Մասնավորապես` այն ներառում է առանց կանխավճարի ցածր տոկոսադրույքներով հիպոթեքային վարկերի, պետության երաշխիքների տրամադրում, չկա տարիքային սահմանափակում, բնակարանի ընտրության լայն հնարավորություն, և այլն:
Եվ մինչ այս ծրագիրը մոռացության է մատնվել, նորացվում է «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որի պայմաններն ու սահմանափակումները շատ ավելի խիստ են, իսկ Ազգային ժողովը բոլորովին վերջերս ընդունեց «Բնակարանային հիպոթեքային վարկավորման մասին» օրենքում փոփոխությունները, որով բարելավվում են հիպոթեքային վարկերի պայմանները:
Թե ինչո՞ւ չի հաստատվում շատերի կողմից իսկապես սպասված ծրագիրը, 168.am-ը հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից:
«Այդ ծրագիրը բավականին հաջող մշակված է, լավ աշխատել են, և, կարծում եմ, որ դա պետք է լինի շարունակական: Դա որևէ կապ չունի հիպոթեքային վարկավորման նախագծի փոփոխությունների հետ, որն ընդունվեց: Դա բոլորովին այլ ծրագիր է, ընդգրկված է և՛ հանրապետության նախագահի, և՛ կառավարության ծրագրային հիմնադրույթներում, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասաց Գ.Մելիքյանը:
Դիտարկմանը, որ մտահոգություն կա, որ հիփպթեքային վարկավորման պայմանների փոփոխությամբ փորձ է արվում «քար գցել» նախարարության ծրագրի վրա, Գ.Մելիքյանը չհամաձայնեց և վստահեցրեց, որ այդ ծրագիրն ամեն դեպքում կիրականացվի. «Ոչ, իհարկե, դա կիրականացվի: Ես կարծում եմ, որ նպատակ կա որքան հնարավոր է՝ այդ 2 ծրագրերն ավելի մոտեցնել՝ ցածր հիպոթեքային տոկոսադրույքների հասնելու ձևաչափով: Ցածր տոկոսադրույքներով ֆինանսական ռեսուրսների ներգրավումը հնարավորություն կտա ավելի ցածր տոկոսադրույքներով ավելի ցածր հիպոթեքային վարկավորման անցնել»:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ