«Ադրբեջանում սկսել են Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովին նույնպես փոխնախագահ նշանակելու գործընթացը, որի համար պետք է Սահմանադրություն փոխվի, ինչը մի քանի ամիս տևող գործընթաց է: Ադրբեջանի նախագահն էլ ստիպված է լինելու անընդհատ հասարկության ուշադրությունը շեղել արտաքին գործընթացներով կամ որոշակի ձեռքբերումներով, որոնք փորձում են ունենալ ռազմական դաշտում, դիվանագիտական հարթակներում կամ քարոզչությամբ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ asekose.am-ի ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ապրիլյան ձախողումներից հետո Ադրբեջանը բավական լուրջ քաղաքական գործոններ է կորցրել ու այդ ամենը վերականգնելու համար Ալիևի իշխանությունը փորձում է պատերազմի իմիտացիայի միջոցով ստանալ մի իրավիճակ, որի արդյունքում թե՛ միջնորդները, թե՛ միջազգային հանրությունը հայկական կողմի հետ Ադրբեջանի բանակցային գործընթացը զրոյական կետից կսկսի:
«Վերջին օրերի դեպքերն էլ ապացուցեցին, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով այդ հարցը չի կարող լուծել հիմա: Ադրբեջանը չունի պատրաստված մարդկային ռեսուրս»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նկատում է՝ իր գործողություններով Ադրբեջանը ստիպում է հայկական կողմին ընտրություն անել դիվանագիտական և ռազմական ճանապարհներով հարցը լուծելու համար.
«Մինչ օրս հայկական կողմը փորձել է դա համադրել, բայց հիմա, եթե Ադրբեջանը շարունակի լարվածությունը պահել, համոզված եմ, որ ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում ոչ ոք չի պատրաստվում իրավիճակը երկար հանդուրժել և շաբաթը 1-2 զոհ ունենալ: Հետևաբար, մենք ստիպված ենք լինելու որոշակի գործողություններ կատարել, և այդ գործողություններն արդյունավետ ավարտին հասցնելու համար պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարային զարգացումների»: