Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ. tert.am
Advertisement 1000 x 90

Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ. tert.am

2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորություն կիրառելու միջոցով։

Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանն ասաց, որ նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց.

«Վիճակը ծանր է, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել»։

Tert.am-ի հարցին` դադարեցրե՞լ է հացադուլը, որը սկսել էր փետրվարի 10-ից, Եգորյանը պատասխանեց, որ կպարզվի հիվանդանոցում բուժզննում անցնելուց հետո։

Նշենք, որ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին էին  դիմել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Օրինաց Երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ:

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով այսօր հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:

Անձնական երաշխիքի գրավի չափը կազմում է 500 հազար դրամ։

Հիշեցնենք,  որ Արթուր Սարգսյանն, ով մեղադրվում է«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։