Հայաստանում, Արցախում սեյսմոլոգիական տեսանկյունից լուրջ ակտիվության մասին խոսելը դեռ վաղ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:
«Սեյսմոլոգիական տեսանկյունից Կապանի, Արցախի երկրաշարժերը թույլ էին: Ճիշտ է, մարդիկ զգացին, որոշ չափով խուճապ եղավ, երեխաներին դուրս հանեցին տներից, բայց դրանք, ամեն դեպքում, մասնագիտական տեսանկյունից թույլ ցնցումներ էին: Արցախի այսօրվա ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Ներկայում մեր աշխատակիցները էպիկենտրոնային գոտում են, աշխատանք են տանում բնակչության հետ: Գնահատվում են հնարավոր վնասները, բայց էպիկենտրոնին ամենամոտ գյուղը Դադիվանքն է, որտեղ զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, նման դեպքո ւմ շենքերում, շինություններում վնասներ չեն առաջանում: Սեյսմոլոգիական տեսանկյունից, ընդհանուր առմամբ, որոշակի ակտիվացում նկատվում է, բայց խոսել լուրջ ակտիվության մասին դեռ վաղ է»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը` ընդգծելով, որ հետևում են դիտակայաններից ստացված տվյալներին:
Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանի բարձրացմանը, Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ եղանակային տաքացումները կապ չունեն երկրաշարժերի հետ:
«Օդի ջերմաստիճանը ձևավորվում է օդի բարձր շերտերում, երկրաշարժերի դեպքում էներգիան կուտակվում է երկրակեղևում, ընդերքում՝ բավական մեծ խորության վրա: Հայաստանում, որը համարվում է փոքր խորության օջախներով տարածք, էներգիան մինչև 35 կմ խորության վրա է ձևավորվում»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը: