
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար ներկա փուլում հայտ է ներկայացրել 3 թեկնածու: Այս մասին տեղեկացրին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական-վերլուծական ծառայությունից:
Թանգարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթը հայտարարվել է հունվարի 27-ին, ավարտվել` փետրվարի 27-ին: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 3 թեկնածու: Բուն մրցութային գործընթացը չի ավարտվել, ավարտվել է միայն մասնակցության հայտերի ընդունման փուլը: Մասնակցության հայտ ներկայացրած անձանց անունները չեն հրապարակվում, որովհետև այս թիվը կարող է փոփոխվել, չի բացառվում, որ թեկնածուներից որևէ մեկը մասնակցության հայտը հետ վերցնի:
Մրցութային գործընթացն առայժմ շարունակվում է: Վերջին փուլում կանցկացվի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստ, որի ընթացքում թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը: Նախագահության անդամները փակ քվեարկությամբ կընտրեն թանգարանի տնօրենին:
Ընթացիկ տարվա հունվարին ավարտվել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը: