armtimes.com-ը գրում է. «Երեկ մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Գուցե կգան ժամանակներ, երբ մեր երկրում քարոզարշավը բովանդակային խոսակցության վրա կկառուցվի, բայց այդ ժամանակները դեռ հեռու են: Իսկ ամեն անգամ, երբ առաջադեմ հասարակությունն իր ողջ իտելեկտուալ էներգիան կենտրոնացնում է ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակում նկարահանված անհատներին ոչնչացնելու ուղղությամբ, այդ ժամանակներն ավելի ու ավելի են հեռանում:
Քարոզարշավի առաջին օրվա ամենանշանակալի իրադարձությունը դարձավ ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակը`«Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ: Տեսահոլովակը կոչվում է «Փոխենք աշխարհը», երգի բառերն ու երաժշտությունը «Ռեինկարնացիայինն» են, ռեժիսորական աշխատանքը`«Շարմ»-ինը: ՀՀԿ-ի նախընտրական պաշտոնական կայքում եւս մեկ տեսահոլովակ կա`«Մենք Հայաստանն ենք» վերնագրով:
Երկուսն էլ շատ հարմար կլինեին տուրիստական գործակալություններով տարածելու համար որպես Հայաստանը գովազդող ուրախ եւ պայծառ տեսահոլովակներ: Քաղաքական քարոզչության համար, դրանք անպիտան են: «Ռեինկարնացիայի» երգում, ճիշտ է, խոսքը փոխելու եւ փոխվելու մասին է, ինչը ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսներից է, բայց քանի որ հստակ չէ` ով փոխվի եւ ինչու փոխվի, բովանդակային բաց կա, որն էապես թուլացնում է ասելիքը:
Քարոզչության տեսակետից այս հոլովակը հաջողված է թերեւս միայն հարվածային գործիքներ նվագող վարչապետի կերպարով: Բայց այս ամենը չէ, որ քննարկվում է սույն տեսահոլովակի մասին: Քննարկման թեման լուրջ եւ խորքային է, մասնավորապես` ի՞նչ բարոյական իրավունքով է «Ռեինկարնացիա» խումբը մասնակցում ՀՀԿ-ի քարոզարշավին:
Խմբի ֆեյսբուքյան էջը ողողված է հայհոյանքներով: Վտանգի տակ է մարտի 8-ի նրանց համերգը. նախապես տոմս գնած հանդիսատեսը բարձրացված աղմուկի պատճառով վերադարձնում է տոմսերը, ովքեր չէին հասցրել գնել` այլեւս չեն գնի, որովհետեւ իրենք ՀՀԿ ընտրող չեն: Չգիտենք իհարկե քվեախցիկում հայտնվելով ում կընտրեն, ում չեն ընտրի, բայց համերգին հաստատ չեն գնա:
Հայաստանում քիչ կան «Ռեինկարնացիայի» նման խմբեր` նոր սերնդի երաժիշտներ, որ սեփական քրտինքով, սեփական ստեղծագործությամբ հասել են հաջողությունների եւ սիրվել են բոլորի կողմից: Թվում է, թե Հայաստանի հասարակությունը պետք է փայփայի իր այսպիսի զավակներին, ովքեր հաջողություն չեն փնտրում արտերկրում, ապրում եւ ստեղծագործում են իրենց երկրում, ի տարբերություն հազարավորների, չեն հայտարարում` այստեղ ապագա չկա ու արտագաղթում:
Քիչ առաջ խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը պատասխանել էր կայքերից մեկի հարցին, թե վատ չի զգո՞ւմ իրեն սուր քննադատության պատճառով: «Ես ինչի՞ համար պետք ա վատ զգամ, պոռնկությո՞ւն եմ անում, թե՞ ուրիշ բան»,-եղել էր պատասխանը:
Հայաստանի ամենաինտելեկտուալ եւ ամենահայրենասեր հատվածին, սակայն, հնարավոր չէ նման արդարացումներով շեղել խնդրի բուն էությունից: Մինչեւ քարոզարշավի ավարտը թերեւս կքննարկվի` արդյո՞ք «Ռեինկարնացիայի» արածը պոռնկությունից էլ վատ չէր: Կարելի է նաեւ սեմինարներ կազմակերպել որոշելու համար նրանց գործած հանցանքը վաղեմության ժամկետ պե՞տք է ունենա, թե՞ այլեւս երբեք չի կարելի «Ռեինկարնացիայի» համերգներին ներկա լինել:
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում քարոզարշավի մեկնարկը տվեց նաեւ «Ելք» դաշինքը: Միջոցառմանը մասնակցում էր հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որի կատարման տակ էլ դաշիքնի թեկնածուները մտան դահլիճ: Այս փաստը որեւէ մեկը չնկատեց, հարցեր չառաջացան, թե ինչ գործ ունի ջազմենը քաղաքական ուժի միջոցառմանը: Որեւէ մեկը չմեկնաբանեց, թե Վահանգ Հայրապետյանի ներկայությունը նշանակում էր, որ նա համակրում է այդ ուժին եւ առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է հատկապես «Ելք»-ին: Քարոզչական նման «անգին» աջակցություն ընդդիմադիր դաշինքը չստացավ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: