Հուսանք, մի օր սեփական անձից դուրս երկիր, հայրենիք, ազգ, միասնություն չտեսնելն էլ կլինի անցյալում. Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

Հուսանք, մի օր սեփական անձից դուրս երկիր, հայրենիք, ազգ, միասնություն չտեսնելն էլ կլինի անցյալում. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրել է. «Սահմանադրական փոփոխությունների լավագույն դատավորը ժամանակն է, և ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ, ով է սխալ: Այս պահին այդ բանավեճի լավագույն դատավորը միջազգային փորձն է ու մեր նախկին կառավարման ձևը ունեցող երկրներում տիրող ոչ այնքան նախանձելի իրավիճակը:

Իսկ ըստ միջազգային փորձի պառլամենտական երկրները շատ ավելի զարգացած են, պառլամենտական երկրները շատ ավելի ժողովրդավար են, պառլամենտական երկրները շատ ավելի ազատ են և վերջապես պառլամենտական երկրներում այդ ամբողջի արդյունքում մարդիկ ավելի լավ են ապրում:

Բազմիցս է նշվել, որ պետության քաղաքական կայունության գրավականը քաղաքական կուսակցությունների դերի բարձրացումն է: Պառլամենտական կառավարման ձևն ու համամասնական ընտրակարգը այդ նպատակին ծառայող լավագույն միջոցներն են:

Հեռու ենք այն մտքից, որ կայունությունը ու քաղաքական պայքարը հանրապետական նշանակության մի քանի քաղաքական գործիչների առկայությունն է, ու նրանց անձնական վարկանիշի արդյունքում իր հետ խորհրդարանում հայտնված ու գարնանային ձյան պես հալվող ու վերացող խմբակցությունները:

Հեռու ենք նաև այն մտքից, որ քաղաքական կայունությունը քաղաքական հենարան չունեցող անհատների պայքար է: Քաղաքական կայունությունը քաղաքական ուժերի ու դրանք կյանքի կոչող, ընտրողի կողքին կանգնած, ընտրողի կողմից ճանաչված մարդկանց պայքարի արդյունքում ձևավորված քաղաքական մեծամասնությունն է:

Միջկուսակցական պայքարը չի կարող լինել օդում, կուսակցությունների գաղափարներ կրողները մարդիկ են, ու այդ պայքարը այդ գաղափարները կրող մարդկանց պայքար է նաև, ու ոչ միայն, համապետական մակարդակում, այլ ամեն մի շրջանում, գյուղում:

Զոռբաների ու զոռբայության ժամանակները, վստահ եմ, անցյալում են: Իշխանություն ունենալով հարստանալու ժամանակները անցյալում են: Իշխանություն ունենալով բոլորից վեր դասվելու ժամանակները անցյալում են:

Հուսանք, մի օր չարախնդությունն էլ կլինի անցյալում: Հուսանք, մի օր սեփական անձից դուրս երկիր, հայրենիք, ազգ, միասնություն չտեսնելն էլ կլինի անցյալում»:



Նման նյութեր