Արթուր Բաղդասարյանը դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով է շրջում. armtimes.com
Advertisement 1000 x 90

Արթուր Բաղդասարյանը դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով է շրջում. armtimes.com

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում մանրամասն ներկայացնելով այս կուսակցության ընտրական ծրագիրը՝ յուրաքանչյուր կետ ներկայացնելուց խոսում էր անարդարությունից, իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարություններից: Մի հատված էլ վերաբերվում էր արագաչափերին և տեսանկարահանող սարքերին:

Armtimes.com-ի տեսախցիկը Արթուր Բաղդասարյանին այսօրվա միջոցառմանը ժամանելուց նկարել էր, երբ նա ոտքով ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հետ մոտենում էր հյուրանոցի մուտքին, սակայն երբ նրա ելույթը մոտենում էր ավարտին, նույն մուտքի մոտ կայանեց «LEXUS» տեսակի մի ամենագնաց՝ դիվանագիտական պետհամարանիշներով: Միջոցառման ավարտին Արթուր Բաղդասարյանը հենց այդ մեքենայով էլ հեռացավ «Մարիոթ»-ից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե որ դիվանագիտական ներկայացուցչությանն է պատկանում «52 T 001 AM» պետհամարնիշը: Մեր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից տեղեկացրեցին. «52 T 001  պետահամարանիշը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից հատկացված է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիա» հիմնադրամին»:

Արձանագրենք, որ Արթուր Բաղդասարյանը, օգտվելով դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայից, երբեք չի տուգանվում իր վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումների համար: Դա կլինի արագաչափի, տեսախցիկների թե ՃՈ տեսուչի կողմից արձանագրած խախտում, քանի որ ՃՈ պետ Արմեն Խաչատրյանն ավելի վաղ Armtimes.com-ին տեղեկացրել էր, որ ՃՈ տեսուչների կողմից դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաները կարող են և կանգնեցվում են, սակայն վարչական պատասխանատավության ենթարկելու հարցը որոշվում է համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի:

Եթե խախտում կատարվել է դիվանագիտական անձեռնմխելիություն ունցող անձի կամ նրան սպասարկողի կողմից, ապա պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվում է դիվանագիտական կորպուսի միջոցով: Իսկ եթե կարմիր գույնի պետհամարանիշով մեքենա վարող և խախտում կատարող անձը դիվանագիտական անձեռնմխելիությունից չի օգտվում (ինչպես, օրինակ, դեսպանատների աշխատակիցները), ապա ՃՈ-ի կողմից վարչական պատասխանատվության կենթարկվի:

Ի դեպ, «ՀԱՊԿ» ակադեմիան Երևանում մինչ օրս չի բացվել: Հարկ է ընթերցողին հիշեցնել, որ դեռևս 2015 թվականին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն Ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր 100 հազար դրամով՝ Range Rover  մակնիշի մեքենայի վրա դիվանագիտական կեղծ համարանիշ ամրացնելու համար: Բաղդասարյանի որդու մեքենայի վրա փակցված է եղել «52 T 002 AM» պետհամարանիշը, որն ընդամենը մեկ թվով է տարբերվում ՀՎԿ նախագահին սպասարկած մեքենայի համարանիշից: