«28 թվին ծնված մայր ունեմ, 50 տարի ա կույր ա, ո՞նց պիտի լինի». Բերդի բնակիչը՝ Ծառուկյանին. armtimes.com
Advertisement 1000 x 90

«28 թվին ծնված մայր ունեմ, 50 տարի ա կույր ա, ո՞նց պիտի լինի». Բերդի բնակիչը՝ Ծառուկյանին. armtimes.com

«200 հազար դրամ ա բռնում գազը, որ քաշեմ, գազ չունեմ». Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքից հետո «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսպիսի խնդրանքով դիմեց հանդիպմանը եկած Վարագավան գյուղի բնակիչներից մեկը:

«Իմացի քաշել ես, թեկնածուին կմոտենաս՝ կկարգավորի»,- ի պատասխան ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նկատի ունենալով Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանին:

Ծառուկյանին ուղղված այսպիսի խնդրանքները շատ էին. դրանց մի մասը փոխանցվում էին ծրարների տեսքով, մյուս մասը՝ բանավոր: Դրանց բոլորին ի պատասխան Ծառուկյանը խորհուրդ էր տալիս դիմել Հայկ Ղուկասյանին:

«Մի հատ թուղթ ու գրիչ վերցրու, արա»,- խնդրանքների շատանալու հետ մեկտեղ թեկնածուին սաստեց նա:

Նշենք, որ քաղաքացիների խնդրանքները տարբեր էին, երբեմն նույնիսկ անտրամաբանական. օրինակ տավուշեցիներից մեկը իր խնդրանքն այսպես ձևակերպեց.

«28 թվին ծնված մայր ունեմ, 50 տարի ա կույր ա, դա ո՞նց պիտի լինի: Ոչ մի օգնությունից էլ չենք օգտվել»: «Ի՞նչ ա պետք, ասա ինչ անեմ»,- փորձեց ճշտել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:

Բնակչի պատասխանը այսպիսինն էր. «Ի՞նչ եմ գիդըմ, թե մի ֆինանսական, թե մի բանով, մայրս չի տենում»: Հայկ Ղևոնդյանը այս խնդրի մասին ևս գրառում արեց:

Մեկ այլ բնակիչ մոր թաղման գումարն էր խնդրում՝ այդ նպատակով գրավադրած մատանիները բանկից հանելու համար: Հաշմանդամի սայլակին նստած մի տղամարդ էլ խնդրեց իր մեքենան վերանորոգել՝ ընդգծելով, որ դա «4-500 կարժենա»:

«Հայկ, վաղը, որ էս մարդու մեքենան տանես-սարքես, որ կարողանա գետնից կտրվի»,- պատգամավորի թեկնածուին դիմեց Ծառուկյանը: Վերջինս կարգադրեց ընդառաջել նաև Տավուշի մարզի մի բնակչի, որի թոռնիկն առաջին կուրսում է սովորում, իսկ նրա ծնողները «վարկի տակ են» և չեն կարողանում վարձը տալ:

Ծառուկյանի հեռանալուց հետո Հայկ Ղևոնդյանը դեռ գրառում էր մարդկանց խնդրանքները: 16:00-ին «Ծառուկյան» դաշինքը հանդիպում ունի նաև Նոյեմբերյան քաղաքում: