Հայաստանում բացվել է հերթական «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ «Գոր մետալ» ընկերության աջակցությամբ Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա:
Տեղ գյուղի «ԱրՄաթ» լաբորատորիա է այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վարչապետին ներկայացրել է միության կողմից իրականացվող կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի նպատակներն ու հնարավորությունները: Կարեն Կարապետյանն իր հերթին՝ կարևորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:
Հարկ է նշել, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում տեխնոլոգիական անվճար կրթություն կստանան ինչպես՝ Տեղ գյուղի, այնպես էլ՝ հարակից բնակավայրերի դպրոցականները: Եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, արտաժամյա դասընթացներից բացի, կմասնակցեն նաև մի շարք խրախուսական միջոցառումների (Ամառային տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարներ, «ԴիջիԿոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթներ, «Բաց խաղ» առաջնություն և այլն), որտեղ վերջիններս կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները ու կընդգրկվեն ավելի լայն և ստեղծագործական միջավայրի մեջ, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների հետ, և այլն:
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային հավասարաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի (ներառյալ՝ Արցախի) շուրջ 200 դպրոցներում: «ԱրՄաթում» այժմ սովորում են ավելի քան 5000 դպրոցականներ: ԻՏՁՄ-ն ծրագրում է, որպեսզի տեխնոլոգիական կրթության հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր երեխաների համար և նման լաբորատորիաներ հիմնվեն բոլոր դպրոցներում:
Հավելենք, որ «ԱրՄաթ» խմբակ-լաբորատորիաներն արժանացել են երկու՝ «Կայուն զարգացման» և «Տեխնոլոգիական կրթության լավագույն մատակարարի» միջազգային մրցանակների:
Հիշեցնենք, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի և Արցախի 194 դպրոցներում: «ԱրՄաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: 2016-ին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):
Սիրարփի Աղաբաբյան