2015 թ.-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Մականունը՝ Ապար) առողջական լուրջ խնդիրներ ունի:
Վերջինս կալանավորվելուց հետո՝ 2016 օգոստոսին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գլխուղեղի կաթված է ստացել: Այս գործով նիստերին ամբաստանյալը դատարան է ուղեկցվում շատ մեծ դժվարությամբ, գրեթե չի կարողանում քայլել:
Մեր զրույցում նրա պաշտպան Կարմեն Պողոսյանն ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մնացել է մեկ ամիս և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Ամբողջ աջ կողմը թուլացած է, ինքնուրույն չի կարողանում հագնվել, հիվանդանոցից դուրս գրման օրվանից առ այսօր չի լողացել, ո՞վ պետք է լողացնի, ամբողջ ձմեռ քնել է նույն սպիտակեղենով, ոչ ոք չի օգնել իրեն նույնիսկ սպիտակեղենը փոխելու հարցում: Չի կարողանում հիգիենան ապահովի: Այս խնդիրները ես բարձրացրել եմ, դիմել եմ դատարանին, երբ գործը մտավ դատարան, մինչ դա դիմեցի խափանման միջոցը փոխելու պահանջով, բայց չփոխեցին: Վահան Շիրխանյանից, ճիշտն ասած, երևի առավել վատ վիճակում է, բայց գալիս է դատարան, որպեսզի տեսնեն, թե ինչ վատ վիճակում է, մտածում է՝ դատաքննությունը շուտ սկսվի, վերջանա այս պրոցեսը»,- մանրամասնեց Ապարի պաշտպանը:
Ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, պատերազմի տարիներին կոնտուզիա է ստացել, տառապում է Հեպատիտ C հիվանդությամբ: Այժմ պաշտպանական կողմը սպասում է, որպեսզի գործով դատաքննությունը սկսվի, որպեսզի կարողանան մի շարք միջնորդություններ ներկայացնել, մասնավորապես՝ ազատամարտիկի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը): Մեր հարցին ի պատասխան նրա պաշտպան Կարմեն Պողոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքների հետ կապված դիրքորոշում կհայտնի դատարանում՝ դատաքննությունը սկսելու ընթացքում:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստն այսօր 6-րդ անգամ հետաձգվեց: Գործով դատաքննություն սկսելն այդպես էլ չի հաջողվում. այսօրվա նիստը տևեց ընդամենը մի քանի րոպե: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարան չեն ներկայացել գործով ամբաստանյալների մի քանի պաշտպաններ, ինչպես նաև դատարան չի ներկայացվել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: Սա հայտարարելուց հետո դատավորը հապճեպ հետաձգեց դատական նիստը, առանց պատճառների մասին տեղեկացնելու:
Դատական նիստի ավարտին՝ մեր հարցին, թե մինչև ե՞րբ լուծում չի ստանալու Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնելու խնդիրը, նրա պաշտպան Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Շիրխանյանի առողջական վիճակը նույնպիսին է, ինչպես որ էր նախորդ նիստի ժամանակ, այսինքն՝ եթե ինչ-որ բան փոխվեր, պետք է փոխվեր նրան ներկայացնողների մոտ:
Պաշտպանը հավելեց, որ տարբեր սարքավորումներ կան, որոնց միջոցով շարժունակությունը կորցրած անձին կարելի է տեղափոխել որևիցե ուրիշ տեղ: «Բայց հիմա այստեղ դեռ քարի դարում են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ մարդկությունն այս մի քանի հազար տարվա մեջ ահագին առաջ է գնացել այդպիսի տեխնիկական միջոցներ հայտնագործելու հարցում:
Ըստ պաշտպանի, այդպիսի տեխնիկական միջոց չհատկացնելով Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնողներն ամեն ինչ անում են, որպեսզի Եվրոպական դատարանին ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է Շիրխանյանի առողջական վիճակի հետ: «Իրականում ինքը չի կարող գալ, թեև շատ ուզում է գալ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ իր պաշտպանյալն ավելի վաղ ասել է, որ ուզում է գալ դատարան և որ ինքը հայտարարություններ է անելու լրագրողների համար: «Եթե կա մի կողմ, որը չի ուզում, որ պարոն Շիրխանյանը հայտնվի այստեղ, ապա դա պետական մարմիններն են»,- ասաց Ալումյանը:
Պաշտպանը նշեց, որ Վահան Շիրխանյանի դիմումի քննության շրջանակներում Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է Վահան Շիրխանյանի հիվանդության հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնել, կառավարությունը ներկայացրել է փաստաթղթեր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ դրանք բոլոր փաստաթղթերն են, մինչդեռ դրանք փաստաթղթերի կեսից ավելի քիչն են: Ըստ Հայկ Ալումյանի, բարեբախտաբար իրենք ունեն դրա ապացույցը և Եվրոպական դատարանին այն ներկայացվել է: Կառավարությունը փետրվարի 22-ին՝ ՄԻԵԴ հարցերին պատասխանելու վերջնաժամկետի օրը, ներկայացրել է իր պատասխանը: Դրանում կառավարությունը փորձել է հերքել Շիրխանյանի ներկայացուցիչների մի շարք փաստարկներ, ինչը, կառավարության մոտ, ըստ Հայկ Ալումյանի, լավ չի ստացվել:
Միաժամանակ կառավարությունը ներկայացրել է բժշկական փաստաթղթերը՝ «ձևացնելով իբրև թե դրանք բոլոր փաստաթղթերն են, որոնք այս պահի դրությամբ գոյություն ունեն»: Դրանից հետո սովորական ընթացակարգի համապատասխան, կառավարության ներկայացրած փաստաթղթերը ՄԻԵԴ-ը ներկայացրել է դիմող կողմի փաստաբաններին և առաջարկել կառավարության դիրքորոշման վերաբերյալ ներկայացնել առարկություններ, եթե այդպիսիք կան:
«Փաստաբանները ներկայացրել են առարկությունները և այնտեղ շատ պարզ, հիմնավոր ձևով ներկայացրել են բոլոր այն անհամապատասխանությունները, որոնք առկա են կառավարության դիրքորոշումների մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Այս գործով 7-րդ նիստը տեղի կունենա մարտի 17-ին: