Ի՞նչ բարքեր են տիրում «Օլիմպոս» կրթահամալիրում
Advertisement 1000 x 90

Ի՞նչ բարքեր են տիրում «Օլիմպոս» կրթահամալիրում

Անչափ մտահոգիչ նամակ եմ ստացել «Օլիմպոս» կրթահամալիրի ուսուցչուհի Լիաննա Փիլիպոսյանից, ով, իր որակմամբ, գրել է դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանի ապօրինի գործողությունների մասին և հայտնել է, որ ս.թ. հունիսին դրանց վերաբերյալ մի քանի ուսուցիչներ նամակով դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Այդ նամակով նախարարին տեղեկացրել են, որ տնօրենը մայիս ամսին ուսուցիչներին ստիպել է իրենց հաշվին արձակուրդ վերցնել՝ նրանց վստահեցնելով, որ նախարարությունն է այդպես հրահանգել ու անձամբ նախարարը տեղյակ է: Այնուհետև 8 հոգու հրահանգել է այլ անձանց կողմից Կոնվերս բանկի միջոցով 17000-ական դրամ օգնություն փոխանցել դպրոցին և նման այլ  փաստեր: Ըստ նամակագրի՝ որոշ անձինք նման փոխանցումներ արել են:

Ինչպես տեղեկացրել է ուսուցչուհին, իրենց նամակից հետո (ենթադրում եմ՝ նախարարի հանձնարարությամբ) դպրոցում ՀՀ ԿԳՆ տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում բացահայտվել են նաև այլ խախտումներ: Ստուգումների հետևանքն այն է եղել, որ ուսուցիչներն իրենց հաշվին արձակուրդ չեն վերցրել և ի վերջո արձակուրդայինները ստացել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն իրենց հայտնի չէ, թե որպես դպրոցին օգնություն` քանի՞ դրամ է փոխանցվել և փոխանցված գումարները ծախսվե՞լ են,  ի՞նչ նպատակով: Տնօրենը շարունակում է տնօրինել ուսումնական հաստատությունը և հայտնի չէ, թե ինչպես են որակվել տեսչության կողմից բացահայտված նրա ապօրինի գործողությունները, որոնց պատճառով ուսուցիչները ժամանակին չեն ստացել արձակուրդայինները: Հետաքրքիր է իմանալ, թե նախարար պարոն Մկրտչյանը որքանով է հետաքրքրվել իր հանձնարարության ընթացքով, արդյոք ԿԳՆ տեսչությունն ամբողջությամբ ներկայացրել է իր ստուգման արդյունքները և այդքանից հետո ինչ եզրակացություն է արել տեսչապետն ու ինչ առաջարկ է ներկայացրել ԿԳ նախարարին:

Այսքան չէի մտահոգվի, եթե ուսուցիչների աշխատանքային իրավունքների ոտնահարման նման արատավոր երևույթները տարածված չլինեին դպրոցներում, որոնց մասին նախարարությունը շատ ուշադիր լսելու և արմատախիլ անելու փոխարեն լսում է տնօրենների բողոքները՝ հավաստագրման 5-ամյա ժամկետը ցմահ դարձնելու մասին, որին ընթացք տալը նշանակում է կոպտորեն խախտել «Հանրակրթության մասին«» ՀՀ գործող օրենքն ու խախտել հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման՝ Օրենքով պահանջվող սկզբունքը:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ



Նման նյութեր