Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի մի հատվածը սեպտեմբերի 14-ից կփակվի
Advertisement 1000 x 90

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի մի հատվածը սեպտեմբերի 14-ից կփակվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016-ի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08:00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝

– Երևան – Սևան – Իջևան (Մ-4) , Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն – Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:

-Երևան – Սպիտակ – Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.

– Վանաձոր – Ստեփանավան – Ագարակ – Կողես – Այգեհատ – Օձուն – Ալավերդի – Վրաստանի սահման,

– Վանաձոր – Դսեղ – Մարց – Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան – Գյումրի – Աշոցք – Բավրա – Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրով շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում: Ծրագիրն իրագործվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո վարկով:

Մ- 6 ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքով, ավելի քան 167 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:

Ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն: Կնորոգվեն նաև ճանապարհին գտնվող թունելները:



Նման նյութեր