Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ տաքսու վարորդների շրջանում անցկացվել է հարցում: Հարցման արդյունքների և տաքսու վարորդների դիրքորոշման մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը: «Կուսակցությունները տարբեր դիրքորոշումներ են հայտնում տեսախցիկները, արագաչափերը հանելու վերաբերյալ, բայց մենք սրան կտրականապես դեմ ենք, որովհետև անցորդները հիմա ավելի անվտանգ ու զգույշ են անցնում փողոցը: Շատ դրական հետևանքներ ունեն, խնդիրն ուրիշ է, երբ դրված են ծուղակներ ստեղծելու համար:
Նպատակի խնդիր է. Եթե նպատակ է դրված, որ փող հավաքեն վարորդներից, ընտիր ձևով այդ արագաչափերն ու տեսախցիկներն իրենց նպատակը լուծում են»: Բանախոսը նշեց, որ միանշանակ պետք են և՛ արագաչափերը, և՛ տեսախցիկները, և առաջարկեց լուծման հետևյալ տարբերակը. «Պետք է տուգանքները վերանայվեն, պետք է նվազեցվեն, երբ տեսախցիկներն արձանագրում են նվազ խախտումներ, ապա ընդհանրապես չպետք է տուգանվեն, ուղղակի զգուշացումներ տան: Իսկ կոպիտ խախտումների համար պետք է առավելագույնս խիստ պատժվեն: Երթևեկությունն այնքան անթերի՞ են կազմակերպում, որ խախտումը պետք է հաշվի, իհա՛րկե ոչ»:
Ընտրություններին ընդառաջ՝ «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության»՝ սեփական նախաձեռնությամբ իրականացրած սոցիոլոգիական հարցմանը Հայաստանում եղած 35.000 տաքսու վարորդներից մասնակցել է 350 վարորդ, այսինքն` 1%-ը: Հարցումը կատարվել է բոլոր մարզերում` բացի Շիրակից և Սյունիքից: Վարորդներին ներկայացվել է 2 հարց. Առաջինը` ո՞ւմ են ընտրելու, երկրորդը` կցանկանայի՞ն արդյոք` խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել՝ որպես վարչապետ: Սերգեյ Գյոզալյանը ներկայացրեց հարցման արդյունքները. 350 վարորդներից 146-ը նշել են՝ ՀՀԿ, 113-ը` «Ծառուկյան դաշինք», իսկ մյուս պատասխանների մեջ կային նաև «Ելք», «Հայկական վերածնունդ», Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան (ՕՐՕ):
Իսկ ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում իր գործունեությունը շարունակելուն, ապա 350 վարորդներից 252-ը կողմ են, որ Կարեն Կարապետյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում:
Կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են ևս մեկ հարցում կատարել` այս անգամ արդեն ընտրություններին մոտ ժամանակ:
Անի Թորոսյան