ՀՀԿ-ն Գյումրիում կոնֆետ է բաժանում, որի վրա բացակայում է պիտանելիության ժամկետը. armtimes.com
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ն Գյումրիում կոնֆետ է բաժանում, որի վրա բացակայում է պիտանելիության ժամկետը. armtimes.com

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Գյումրիում կոնֆետներ է բաժանում: Armtimes.com-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀԿ-ի Գյումրու կենտրոնական շտաբից արկղերով կոնֆետներ են բաժանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ հանրապետականներն այս գործընթացը սկսել են 2-3 օր առաջ:

Տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեցինք Շիրակի մարզում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանի հետ: Նիկոյանը չհերքեց մեր տեղեկությունները և պարզաբանեց այսպես. «Դա քարոզչական նյութ է, օրենքի շրջանակներում է արվում: Մի ժամանակ էլ գրիչ, գլխարկ ու այլ բաներ էին բաժանում կուսակցական նշաններով»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Նիկոյանը:

Նիկոյանից հետաքրքրվեցինք, թե Գյումրի քանի՞ կիլոգրամ կոնֆետ է բերվել, բայց հարցը մնաց անպատասխան: «Հիմա Ձեզ հետաքրքրում է` ինչու՞ է բաժանվում, թե՞ քանի կիլոգրամ է, գնացեք, կշռեք, տեսեք»,- ասաց Նիկոյանը և անջատեց հեռախոսազանգը:

Վերջինս հավելեց, որ կոնֆետները տրամադրում են թեկնածուների գրասենյակներն՝ բաժանողը հենց թեկնածուներն են:

Սակայն, երբ փորձեցինք երկրորդ անգամ կապվել Սամվել Նիկոյանի հետ, որպեսզի պատասխան ստանանք, թե կոնֆետները որտե՞ղ են արտադրվել, ինչու՞ պիտանելիության ժամկետ չկա նշված փաթեթի վրա, որքա՞ն գումար է վճարվել և որ կազմակերպությունն է արտադրողը, ում են դրանք պատվիրել, շտաբի ղեկավարը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ արդեն տվել է բավարար պատասխան:

Նշենք, որ բաժանվող կոնֆետների փաթեթների վրա պատկերված է ՀՀԿ-ի կարգախոսը և քվեաթերթիկի 6-րդ համարը: Armtimes.com-ի տեսախցիկը ՀՀԿ-ի Գյումրու շտաբի դիմաց ֆիքսել է կադրեր, թե ինչպես են արկղերով կոնֆետները տեղափոխում մեքենաներով: Մեզ չհաջողվեց հանդիպել Նիկոյանի հետ, քանի որ շտաբի որոշ աշխատակիցներ տեղեկացրեցին, որ նա տեղում չէ: