«Թումո» կենտրոնը պատրաստվում է կրթական ծրագիր իրականացնել նաև ուսանողների համար
Advertisement 1000 x 90

«Թումո» կենտրոնը պատրաստվում է կրթական ծրագիր իրականացնել նաև ուսանողների համար

Զարգացնել երեխաների ստեղծարար միտքն ու նրանց դարձնել 21-րդ դարի մրցունակ մասնագետներ. 2011-ին Երևանում ստեղծված «Թումո» կենտրոնի սկզբնական գաղափարն էր:

Այսօր արդեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկն է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Թումո»` ծանոթանալու կենտրոնի ներկա ծրագրերին: Նախարարը շրջեց ուսումնական տարածքով, զրուցեց սաների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Թումո» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը նախարարին ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք ուսուցանվում են կենտրոնում: Անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ու ֆիլմերի ստեղծում: Պատանիները կատարում են սկզբնական վարժանքներ այդ չորս ուղղություններով, այնուհետև ընտրում այն ոլորտը, որն ամենաշատն է հետաքրքրում իրենց:

Կենտրոնի յուրաքանչյուր սան հնարավորություն ունի մանրամասն կառուցելու իր անհատական ուսումնական պլանը` թումոյականների մշակած հատուկ ծրագրային հավելվածի միջոցով: Նախարարը հետաքրքրվեց բարձրագույն կրթության ծրագրերից: Բեկոր Փափազյանը պատմեց, որ առաջատար համալսարաններից մի քանիսի հետ համագործակցությամբ մշակում են կրթական ծրագիր, որը 5 տարում պիտի կրկնապատկի Հայաստանում ծրագրավորողների թիվը:

«Թումո»-ում սաների ընտրության միայն մեկ չափանիշ-սահմանափակում կա՝ տարիքը. դիմորդները պետք է լինեն 12-18 տարեկան: Ընդունելության  համար  հարցազրույց կամ քննություն չեն անցկացնում: Բոլոր դիմորդներին ընդունում են և հավասարապես տալիս սովորելու հնարավորություն:

15-ամյա Հովհաննեսն ու Ալբերտն այդ հնարավորությունից օգտվում են արդեն 3 տարի. 3D մոդելավորման դասընթաց են անցնում: Տղաները պատմեցին, որ մեծ հետաքրքրությամբ են գալիս կենտրոն. «Թումո»-ում դասերը դպրոցի դասաժամերին նման չեն. «Այստեղ, երբ հարց ես տալիս, մարզիչն ան միջապես չի ասում պատասխանը, այլ այնպես է ուղղություն ցույց տալիս, որ ինքդ փնտրես ու գտնես քո հարցի ճիշտ պատասխանը»,- նշեց Ալբերտը: Ներկայում «Թումո» կենտրոններ գործում են նաև Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Նախարարը այցելեց նաև «Թումո»-ի շենքում գործող «Picsart» ընկերություն: Ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերեր ունեցող նկարների խմբագրման այս հավելվածը  ստեղծվել է հայ մասնագետների կողմից: 2010թ-ին նորաստեղծ ընկերությունն ընդամենը 10 աշխատակից ուներ, այսօր արդեն «Picsart»-ի մեծաթիվ աշխատակիցներն իրենց արտադրանքն են զարգացնում նորաձև ու ընդարձակ գրասենյակում: Ֆոտոխմբագրման հավելվածների բազմազանության մեջ հայկական ընկերությունը հաջողությամբ մրցակցում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերի` այդ թվում «Instagram&raqu»-ի հետ:

Ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը նախարարին ցուցադրեց հավելվածի ֆունկցիաները: Օրական 3 միլիոն լուսանկար մտնում է «Picsart»: «90 միլիոն ակտիվ օգտատեր ունենք և մինչ օրս 400 միլիոն ներբեռնում, սակայն Հայաստանում հավելվածն օգտագործողների թիվը մեծ չէ»,- ասաց Միքայել Վարդանյանը: «Picsart»-ի տնօրենի խոսքով` գլխավոր խնդիրը, որ ունեն, մասնագետների պակասն է: Ակնկալում են կրթական համագործակցություն մասնավոր ընկերություն-համալսարան ձևաչափով` պատրաստելու համապատասխան մասնագետներ և  լրացնելու ոչ միայն իրենց, այլև հա յաստանյան մյուս ՏՏ ընկերությունների թափուր աշխատատեղերը: