Գլխով մտածեք. երբեք մի բացեք անծանոթ մարդկանց նամակները
Advertisement 1000 x 90

Գլխով մտածեք. երբեք մի բացեք անծանոթ մարդկանց նամակները

Հարցազրույց Kaspersky Laboratory ընկերության փորձագետ Սերգեյ Գոլովանովի հետ:

Ի՞նչ խորհուրդներ կտաք սովորական մարդկանց, ինչպե՞ս նրանք կարող են զգուշանալ օրեցօր աճող կիբեռվտանգներից:

– Այս դեպքում խորհուրդները հիմնականում երկուսն են՝ օգտագործել անվտանգության, պաշտպանության տեխնիկական մեթոդները: Պաշտպանության տեխնիկական մեթոդներ ասելով՝ անգամ կարևոր չէ, թե որ մեկը կօգտագործեն, կարևորը, որ այն լավը լինի և պաշտպանի մարդկանց, լինի հայտնի և շատ թվով օգտատերեր ունենա, այսինքն՝ որպեսզի այն փորձված լինի մարդկանց կողմից և մեծ թվով մարդկանց վտահությունն ունենա: Երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, դա այն է, որպեսզի, ի վերջո, մարդիկ օգտագործեն իրենց գլուխը և կասկածանքով և քննադատաբար մոտենան այն ամենին, ինչ գրում են ինտերնետում: Օրինակ՝ երբ նրանց որևէ հաղորդագրությամբ խնդրում են SMS հաղորդագրություն ուղարկել կամ զանգահարել, և այլն, զգուշանան: Մենք ունենք նմանատիպ մի շարք դեպքեր, մասսսայական միջադեպեր, երբ, օրինակ, համակարգչի օգտագործողին խնդրվում է ինչ-որ անվճար ծրագրի թարմացման համար անջատել անտիվիրուսը, և մարդն ինչ-որ «անվճար, շահավետ» հնարավորության ետևից ընկնելով՝ կորցնում է գլուխը և անջատում անտիվիրուսը: Արդյունքում՝ նրա համակարգիչը վարակվում է ինչ-որ վիրուսներով: Հետևաբար, խորհուրդը հետևյալն է. ի վերջո, պետք է մտածել գլխով: Կարծում եմ, այս դեպքում կարևոր դերակատարում և գործ ունեն անելու նաև լրագրողները, որոնք կարող են մարդկանց տեղեկացնել և սովորեցնել այդ ամենի մասին:

Վերջերս անգամ Գերմանիայում ստեղծված ամենահզոր բանկային համակարգերից մեկը կոտրելու համար հաքերներից պահանջվեց ընդամենը 2 ամիս: Նման դեպքերը հաշվի առնելով՝ ինչպե՞ս կարող են ընդհանրապես մարդիկ, օրինակ՝ հայ օգտատերերը, վստահել օնլայն բանկային ծառայություններին:

– Բանկերի պարագայում իրավիճակը հետևյալն է. նրանք ստիպված են գնալ դեպի ինտերնետ, քանի որ ավելի էժան է, շատ ավելի ֆունկցիոնալ է, շատ-շատ ավելի հարմար է օգտագործողների համար, քանի որ նրանք այդ դեպքում ստիպված չեն հերթեր կանգնել բանկային որևէ բաժանմունքի մոտ: Նրանք պարզապես բացում են իրենց համակարգիչը, որոշ գործողություններ են կատարում, և վերջ: Դա այսօր նորմալ է, այլ խնդիր է, երբ կան վտանգներ: Օրինակ՝ գերմանական բանկերը չփորձեցին որևէ բան թաքցնել, չխոսել այդ մասին, որպեսզի օգտագործողները նրանց վստահությունը չկորցնեին, և այլն, այլ ընդհակառակը, նրանք բաց էին իրենց հաճախորդների առջև, ասացին, որ նման խնդիր ունեն՝ խնդրելով զգոնություն ցուցաբերել: Այո, իհարկե, հնարավոր է՝ որոշ հաճախորդներ տեղի ունեցածից հետո մտածեցին, որ ավելի լավ է այլ բանկ տեղափոխվել, սակայն բազմաթիվ հաճախորդներ, որոնք վստահում էին և որոնք հասկանում էին, որ ուրիշ բանկում ավելի լավ չի լինելու, մնածեցին, որ ավելի լավ է մնալ այդ բանկում, որը բաց է, ազնիվ է և անկեղծորեն խոստովանել է, որ խնդիրներ ունի:

Այսինքն՝ տվյալ օրինակով կարելի է ասել, որ որքան էլ դու պաշտպանված լինես, միևնույն է, եթե միացած ես ինտերնետին՝ քեզ վտանգ է սպառնում:

– Այո, կա վտանգ, և միևնույն է, թե դու ինչպիսի հզոր պաշտպանության համակարգ ունես: Միևնույն ժամանակ, սակայն, անպայման պետք է օգտագործել նաև գլուխը և որևէ գործողություն կատարելուց առաջ պետք է մտածել:

Խոսենք «Կարմիր հոկտեմբեր» միջազգային լրտեսական ցանցի բացահայտման մասին, ինչպես նաև այն մասին, որ ըստ Կասպերսկու լաբորատորիայի տվյալների՝ Հայաստանն ինտերնետվիրուսների վտանգի ենթակա երկրների թվում է (Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանն ինտերնետային վտանգների ենթակա երկրների շարքում գտնվում է առաջատար դիրքերում` 3-րդ հորիզոնականում.- Լ.Ս.):

– «Red October» («Կարմիր հոկտեմբեր») միջազգային լրտեսական ցանցը զբաղվում է կիբեռլրտեսությամբ: Մենք պարզել ենք, որ այդ ցանցը, որն ընդգրկում է տարբեր երկրների հաքերներին, վերջին տարիներին հարձակումներ է կատարել դիվանագիտական, պետական կառույցների և գիտահետազոտական տարբեր ինստիտուտների վրա: Նրանք վիրուսների օգնությամբ գողացել են մի քանի տերաբայթ տեղեկատվություն և կարողացել են աննկատ մնալ: Այն պետական մակարդակով լրտեսական ծրագիր է, և այդ գերգաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել:

Հայաստանի դեպքում պատասխանը շատ պարզ է. հաքերների հարձակումները չեն եղել ինչ-որ գերժամանակակից տեխնոլոգիաների արդյունք, այլև բոլոր միջոցները, որ նրանք օգտագործել էին՝ վերաբերում էին պարզ սոցիալական ինժեներիային, օրինակ՝ կոնկրետ պետական հաստատությունը կամ մարդը նամակ է ստանում կամ որևէ փաստաթուղթ, այն բացում է, և նրա համակարգիչն անմիջապես վարակվում է տվյալ վիրուսով: Ընդ որում, այդ նամակի հեղինակը հաստատ գիտի, որ տվյալ օգտագործողը հաստատ բացելու է այն: Իսկ երբ օգտագործողը բացում է նամակը կամ փաստաթուղթը, հաքերը ստանում է համապատասխան ողջ տեղեկատվությունը: Հետևաբար, ընդհանրապես թիվ մեկ պաշտպանությունը հետևյալն է՝ երբեք, երբեք չի կարելի բացել անհայտ, անծանոթ մարդկանցից ուղարկված նամակները, որքան էլ ձեզ դրանց բովանդակությունը հետաքրքրի կամ հոգեհարազատ լինի ձեզ, երբեք չի կարելի անջատել հակավիրուսային պաշտպանության համակարգը, և այլն:

Եվ վերջին հարցը վերաբերում է համագործակցությանը: Օրինակ՝ մեր մասնագետների, մեր երիտասարդ կադրերի հետ ինչպիսի՞ համագործակցություն եք նախատեսում:

– Մենք միշտ բաց ենք համագորածակցության համար: Մեր լաբորատորիայում ունենք բազմաթիվ ուսանողներ, և եթե կարողանանք բացահայտել տաղանդավոր ուսանողների՝ մենք նրանց պարզապես կասենք. «Բարի գալուստ»:

Լուսինե Մովսիսյան

Փետրվար 21 2013

168.am