Մենք 12 տարեկան ենք
Advertisement 1000 x 90

Մենք 12 տարեկան ենք

2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի (168.am) առաջին համարը։ Հայկական մամուլի դաշտում նոր թերթ ստեղծելու մեր որոշման հիմքում, ի թիվս այլ պատճառների, իսկ գուցե առաջին հերթին՝ այն համոզմունքն էր, որ լավ պետություն ունենալու, ազատ հասարակություն կերտելու կարևորագույն միջոցն ու գործիքը խոսքի ազատությունն է ու ազատ մամուլը։

Մենք որոշեցինք ու մուտք գործեցինք այդ դաշտ։ 12 տարի առաջ։ Լա՞վ ենք աշխատել, թե՞ ոչ այնքան, թերացե՞լ ենք, թե՞ հերոսացել, պայքարե՞լ ենք, թե՞ հանձնվել՝ կորոշի ընթերցողը։ Բայց մենք մեր կողմից կարող ենք արձանագրել, ցավալիորեն արձանագրել, որ այն նպատակները, որոնք դրել էինք թերթի լույս ընծայման ժամանակ, ոչ միայն չեն իրագործվել, այլև գուցե դրանց իրականանալիությունն ավելի հեռացել է։

Որովհետև 12 տարի առաջ մամուլի միջոցներն ավելի քիչ էին քանակապես, 12 տարի առաջ ազատ խոսքն ավելի ճնշված էր՝ տարբեր կողմերից ու տարբեր միջոցներով, բայց 12 տարի առաջ մամուլը, ազատ խոսքն ավելի մեծ արժեք ուներ, ավելի ազդեցիկ էր, ու ազդեցիկ լինելով՝ ավելի ֆունկցիոնալ էր, քան այսօր՝ 12 տարի անց, երբ մամուլի միջոցներն էականորեն ավելի շատ են, խոսքի ազատությունն էլ՝ ավելի ապահովված։

Բայց խոսքը, մամուլի հրապարակումն այսօր՝ 12 տարի անց, շատ ավելի անարժեք են ու անազդեցիկ, քան այն տարիներին։ Ինչպես ժողովրդավարությունն ընդհանրապես, որ այն տարիներին ավելի բռնաճնշված էր՝ և՛բովանդակային առումով, և՛ ձևականորեն, իսկ այսօր նույն բովանդակությամբ ներկայացվում է ավելի գունեղ փաթեթավորմամբ։
Խոսքի ազատությունն ու կայացած մամուլը հնարավորինս մեծ զանգվածներին մոլորեցնող քարոզչությունը չէ։ Խոսքի ազատությունն ու կայացած մամուլը ճշմարտության բարձրաձայնումն ու այդ բարձրաձայնումի արդյունքն է։

Արդյունք, որը ոչ միայն ապահովում է Հայաստանի համար ցանկալի հորիզոնականներ խոսքի ազատության մասին միջազգային զեկույցներում, այլև ունենում է չափելի ու շոշափելի հետևանքներ՝ իրավիճակի, պաշտոնյաների փոփոխության, արատների վերացման, մարտահրավերների հաղթահարման տեսքով։ Արդյունք, որը դեռևս, ցավոք, շատ հեռու է իրականություն դառնալուց։

Այդուհանդերձ, դա այն արդյունքն է, որին հասնելու համար մենք հիմնադրեցինք «168 Ժամ» թերթը 12 տարի առաջ և որին հասնելու համար անելու ենք ամեն ինչ, եթե դրա համար պահանջվի ևս 12, կամ 120, կամ 168 տարի։

Շնորհավորում ենք «168 Ժամ» թերթի բոլոր ընթերցողներին և նախկին ու ներկա մեր բոլոր աշխատակիցներին, թիմակիցներին:

Հ.Գ. Լուսանկարում «168 Ժամի» մեծագույն բարեկամ, «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիր, հայտնի լուսանկարիչ, երջանկահիշատակ Հերբերտ Բաղդասարյանն է (բոլորիս կողմից սիրելի Հեբոն), ով թերթի հրատարակման առաջին օրը, որպես ավագ ընկեր ու բարեկամ, հարևան, եկել էր 168-ցիներին շնորհավորելու:

168.am



Նման նյութեր