
ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ ջանքերով մարտի 16-ին «ՀայՏեք» կենտրոնում տեղի է ունեցել գիտագործնական համաժողով, որի շրջանակում ռուսական Positive Technologies ընկերության մասնագետները ներկայացրել են կիբեռանվտանգության, օպերացիոն և տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության և ստանդարտների համապատասխանության ու գնահատման նոր մոտեցումները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տնօրեն Արսեն Թառոյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ցուցադրվել են թեստավորման, համակարգային ստուգումների և համապատասխանության վերահսկման մեխանիզմները՝ տարբեր օպերացիոն համակարգերի և տեղեկատվական համակարգերի տարբեր մակարդակների համադրմամբ: