Այսօր Երևանի ավագանու 14-րդ օրակարգային հարցը վերաբերում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻՆ: Հիմք ընդունելով այն, որ Ժ. Դադասյանը բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ, այդ թվում նաև արտասահմանյան բեմերում, հանդիսանում է Շուշիի վերականգնմանն ուղղված հեռուստակամուրջի կազմակերպիչներից, ինչպես նաև մեծ աշխատանքներ է տարել Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման գործում, Երևանի ավագանին 48 «կողմ» ձայներով որոշում կայացրեց թույլատրել Երևան համայնքի սեփականությունը համարվող Լեոյի փողոցի հ.1 շենքի հ.106՝ 114.5 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրել Ժիրայր Դադասյանին:
Զեկուցողը մասնավորապես ընդգծեց հետևյալը. «Ցավոք սրտի, բնակվելով Երևանում, Ժիրայր Դադասյանն ունի բնակարանային լուրջ խնդիր և հաշվի առնելով նրա դերը հայկական մշակույթի զարգացման գործում, ստեղծագերծելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է որոշման այս նախագիծը»
Ի դեպ, հավելենք, որ վերջերս նաև լուծվել է Մնջախաղի պետական թատրոնի շենքի խնդիրը, այնպես որ, տարին, իսկապես, հաջող է սկսվել Ժ. Դադասյանի համար: