Հյուրընկալ Երևանը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրանցի զբոսաշրջիկների համար: Այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
«Երևանի քաղաքապետարանը մարտի 20- 31-ը տասնօրյակ է հայտարարել` իրանցի զբոսաշրջիկների հյուրընկալությունը կազմակերպելու համար: Երեկվանից «Երևան սիթի տուր» երկհարկանի ավտոբուսը կազմակերպելու է գարնանային հետաքրքիր տուրեր` պարսկերեն լեզվով: Երևանի պատմության թանգարանում բացվելու է «Մշակույթների երկխոսություն» իրանական ժառանգությանը վերաբերող ցուցահանդես, որը կգործի մինչև մարտի 31-ը: Երևանի մի քանի վայրերում տեղադրվել են վահանակներ, որոնցով ողջունում և շնորհավորում ենք իրանցի զբոսաշրջիկներին»,- ասաց Գևորգ Օրբելյանը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում Ազատության և Հանրապետության հրապարակներում կամավորները երկլեզու քարտեզներ, տեղեկատվական թերթիկներ են բաժանելու իրանցի զբոսաշրջիկներին:
Իրանցիները, Երևանից բացի, նախընտրում են լինել նաև Հայաստանի տարբեր վայրերում: Արդեն մի քանի տարի Իրանից Հայաստան զբոսաշրջիկներ բերող «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը նշեց, որ վերջին տարիներին Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում:
«Հայաստանում նրանց համար հետաքրքրությունները շատ են: Իրանցի զբոսաշրջիկներին շատ գրավում է Հայաստանի ազատությունը, գների մատչելիությունը, այստեղ շատ են գալիս գնումներ կատարելու համար, կարևոր գործոն է վիզային ռեժիմի ազատականացումը»,- ասաց Արամ Բլեյանը: Նրա խոսքով, հիմնականում իրանցի զբոսաշրջիկները նախընտրում են լինել Գառնիում, Սևանում, Ծաղկաձորում, կան ուղղություններ, որոնց ուղղությամբ նույնպես աշխատանք է տարվում զբոսաշրջային փաթեթները դիվերսիֆիկացնելու համար:
Լրագրողների այն դիտարկմանը, որ իրանցի զբոսաշրջիկները հաճախ խաբվում են, մասնավորապես տաքսու վարորդների կողմից, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ տեղյակ է խնդրից:
«Վերջերս զանգ ստացա, թե դեպք է գրանցվել, քաղաքի կենտրոնից դեպի խոշոր առևտրի կենտրոններից մեկը տաքսու վարորդը տարել է 17 հազար դրամով: Սա այն խնդիրն է, որ պետական մակարդակով չենք կարող միջամտել մասնավոր բիզնեսին, սակայն կարծում եմ, խնդիրը կլուծվի, երբ իրանցի զբոսաշրջիկները տեղեկացված լինեն: Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Ի դեպ, նույն խնդրին կարող ենք հանդիպել տարբեր երկրներում ևս, հետևաբար զբոսաշրջիկը նախապես պետք է տեղեկացված լինի գնային քաղաքականությունից»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
Մարտի 21-ին նշվում է Նովրուզ Բայրամը: Նովրուզ պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր: Այն համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Ամենտարի այդ տոնական օրերին Իրանից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: