Երեկ՝ մարտի 19-ին, «The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար, երգիչ և երգահան Արմեն Շավերդյանը և երկրվորյակ եղբայրը՝ Արլեն Շավերդյանը, նշել են ծննդյան 30-ամյակը: Իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում Արմենը պատմել է ծննդյան օրվա մանրամասների, կնոջ մատուցած անմոռանալի անակնկալների և «The Beautified Project» ռոք-խմբի ու իր առաջիկա ծրագրերի մասին:
«Իմ ու եղբորս ծննդյան 30-ամյակն ուղղակի հոյակապ անցավ, ինչի համար շնորհակալ եմ բոլորից, ովքեր մեր կողքին էին: Մեր օրն ուղղակի տոն դարձրին ծնողներս, մեր կանայք, նրանց և մեր հարզատներն ու ընկերները, իսկ գլխավորը՝ եղբորս փոքրիկը, ով մեզ հետ փչեց տորթի մոմերը: Իսկապես հրաշալի օր ենք ունեցել, որը դեռ երկար կհիշեք»,- ուրախությամբ պատմեց Արմենն ու նշեց, որ ծննդյան օրը կինը՝ պարուհի Միլենա Ոսկանյանը, անակնկալների տարափ է կազմակերպել.
«Կինս անակնկալների մեծ սիրահար է, նա ջանք չէր խնայել, որպեսզի ինձ անմոռանալի պահեր պարգևի: Նախ նա մի քանի օր առաջ ասաց, որ ինձ կնվիրի պրոֆեսիոնալ ականջակալներ, որոնք ես շատ էի ուզում գնել: Բացի դրանից ես գուշակում էի, որ նա ևս մեկ բան է պատրաստում, բայց ոչ մի կերպ գլխի չէի ընկնում, թե ինչ. մարտի 18-ին նա ինչ-որ տեղ էր գնացել ու զանգերիս պատասխանելով՝ ասում էր, որ նվերիս վրա է աշխատում, արդեն երեկոյան, երբ եկավ տուն, ինձ ցույց տվեց ամենատպավորիչ նվերս՝ նա իր մեջքին դաջվածք էր արել՝ այն նվիրելով ինձ: «You Will Forever Be My Always»՝ ահա այս գրությամբ, որը թարգմանաբար նշանակում է «Դու հավերժ կլինես իմ ընդմիշտը», և լոտուս ծաղիկը, որը մաքրության խորհրդանիշն է, նա, իր մեջքին դաջելով, կրկին սիրո խոստովանություն արեց ինձ: Ես ուղղակի ապշած էի, դա չափից ավելի հաճելի նվեր էր: Ի դեպ՝ դաջվածքն իրականացրել էր Լիդիա Գրիգորյանը: Այս նվերից հետո ես իսկապես կարծեցի, որ անակնկալներն ավարտված են, բայց Միլենը չէր սահմանափակվել դրանցով: Ռեստորանում մի պահ լույսերն անջատվեցին և մեր սիրո խորհրդանիշ երգը սկսեց հնչել, աչքերս բացելուց հետո հանկարծ տեսա, որ պարահրապարակի կենտրոնում տելեսկոպ է դրված: Հավատացեք՝ շատ էի տպավորված, որովհետև ես կրկին ուզում էի գնել այն ու անընդհատ ձգձգվում էր: Իհարկե, ողջ գիշեր, չնայած ցրտին, երկար կանգնելով՝ չկարողացա սատուրնը տեսնել, բայց հույսով եմ դա հետո կստացվի ինձ մոտ, քանի որ այդ դաշտը բավականին խորն եմ ուսումնասիրում»,- ոգևորված պատմեց երգիչը:
30-ամյա Արմենը հայր դառնալու ցանկություն ունի.
«29-ում ես ամուսնացա, քանի որ ինձ արդեն այդքան հասուն ու կայացած էի համարում, որովհետև ամուսնությունը, ընտանիք կազմելը շատ մեծ պատասխանատվություն է: Այսօր իմ ամեն քայլը ուղղված է ընտանիքիս համար, անգամ ստեղծագործական գործունեությունն ուղղված է, որպեսզի ընտանիքս ավելի բարեկեցիկ կյանքով ապրի: Իհարկե, ես ու Միլենն արդեն պլանավորում ենք պուճուրներ ունենալ, սակայն այդ կարևոր քայլը պետք է հարմարացնենք Միլենի գործերի հետ: Ամեն դեպքում, ուզում եմ, որ ընտանիքս մեծանա ու ես էլ կարողանամ ընտանիքիս համար լավ կյանք ապահովել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով առաջիկա գործունեությանը՝ Արմեն Շավերդյանը պատմեց.
«Ապրիլի 17-ին՝ Տիկնիկային թատրոնում, կկայանա «The Beautified Project» ռոք-խմբի համերգը, որի ժամանակ կներկայացնենք մեր չորս ձայնասկավառակների ամենասիրված երգերը: Մինչ համերգը մենք արդեն իսկ պլանավորել ենք տեսահոլովակ նկարահանել «Lost innocence» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակն է եղբայրս՝ Արլեն Շավերդյանը, իսկ բառերի հեղինակը Անդրե Սիմոնյանն է: Նկարահանման օրն արդեն նշանակված է, մենք կփորձենք մինչ համերգը ներկայացնել մեր նոր տեսահոլովակը: Ինչ վերաբերվում է իմ անհատական գործունեությանը, պետք է ասեմ, որ սկզբում դժվար էր համատեղելը, սակայն մենք ընդհանուր ժողով ուենցանք, որից հետո շատ հետաքրքիր կերպով կարողանում ենք բալանսավորել. երբ խումբը մի փոքր պասիվ է լինում, փորձում եմ ես ակտիվանալ և հակառակը, երբ խումբն ակտիվանում է, ես ավելի պասիվ եմ սկսում գործել և միայն ստեղծագործել: Ցանկություն ունեմ ապրիլի 24-ին ընդառաջ մի գործ ներկայացնել, որը նվիրված կլինի հենց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երգիս բովանդակության նպատակն է, որպեսզի միմյանց սիրենք և թույլ չտանք այդ չարիքի կրկնությանը»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am