Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարևորում է սոցիալական մեդիայում հաղորդակցության արդյունավետ ու ճիշտ օգտագործումը ու դա լուրջ խնդիր է համարում: «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ներկա ժամանակահատվածում գրեթե յուրաքանչյուր գրասենյակի տնօրեն ունի իր սոցիալական մեդիայի մասնագետը, ու միշտ հարց է առաջանում՝ ճի՞շտ է աշխատում այդ մարդը, թե ոչ:
«Ընդհանրապես Հայաստանում մի տարօրինակ ու միևնույն ժամանակ հետաքրքիր գաղափար կա՝ վատ PR չի լինում, եթե քո մասին խոսում են, արդեն լավ է: Ես համաձայն չեմ սրա հետ, հատկապես որ հայկական հայտնի ասացվածք կա՝ ավելի լավ է աչքդ դուրս գա, քան անունդ: Հատկապես նախընտրական հատվածում մենք նկատում ենք, որ ինչ-որ փիսիկի կամ շնիկի նկարով օգտատեր որևէ թեկնածուի էջով է կիսվում ու կոչ է անում քվեարկել այդ թեկնածուի օգտին, իսկ իրականում այդ մարդը տեղյակ էլ չէ, թե ով է որոշել նման ճանապարհով իրեն գովազդել ու իր համար ձայներ հավաքել: Կարծիքները սրա վեր աբերյալ կարող են տարբեր լինել, սակայն սա իմ կարծիքն է, և սա շատ կարևոր հարց է»,- նշեց Մարտիրոսյանը:
Փորձագետը նաև լուրջ խնդիր է համարում այն հանգամանքը, որ սոցիալական մեդիաներում մոնիթորինգ իրականացնելն այնքան էլ հեշտ չէ: Որպես բացառություն Սամվել Մարտիրոսյանը մատնանշում է «Թվիթեր»-ը, որը շատ բաց հարթակ է ու այնտեղ մոնիթորինգ իրականացնելը հեշտ է: «Բայց, օրինակ, «Ֆեյսբուք»-ը ամեն ինչ անում է, որ օգտատերերը ոչինչ չհասկանան, իսկ վճարովի գործիքներն այստեղ շատ թանկ են: Օրինակ, Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչը չի կարող իրեն թույլ տալ ամսվա կտրվածքով 1500-2000 դոլար տրամադրել, որպեսզի «Ֆեյսբուք»-ի որևէ վճարով ի գործիքից օգտվի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ հարթակում»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:
Նա հույս հայտնեց, որ ֆորումի ընթացքում քննարկման մասնակիցները կկարողանան ներկայացնել սոցիալական մեդիայից օգտվելու արդյունավետ ու ճիշտ մեխանիզմներ, որոնք օգտատերերի համար ավելի հարմարավետ կլինեն:
Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվելու են հինգ հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները կանդրադառնան ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրներին: Նիստերի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ոլորտային առաջատար մասնագետները Հայաստանից, այնպես էլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ժամանել են WCFDavos-ի հետ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի համ ագործակցության շրջանակներում: Ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 22-ը: