Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարն այս տարի կհյուրընկալի ոչ միայն Հայաստանի բոլոր մարզերից աշակերտների, այլև կբացի իր դռները Սփյուռքում ապրող դպրոցականների առաջ: Սփյուռքում ապրող հայ աշակերտները կարող են իրենց ամառային արձակուրդն անցկացնել հայրենիքում՝ հասակակիցների հետ համատեղելով ակտիվ հանգիստը, հայրենաճանաչությունն ու ինժեներական դասընթացները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ նախորդ տարի ճամբարին մասնակցում էին շուրջ 600 աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից: Ըստ Կարեն Վարդանյանի՝ այս ճամբարը միանշանակ հաջողված էր, և այդ իսկ պատճառով՝ այս տարի որոշվեց ընդլայնել սահմանները՝ ճամբարին մասնակցելու հնարավորություն տալով նաև սփյուռքահայերին:
«Այս ճամբարը յուրահատուկ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կշփվեն, կսովորեն և ազատ ժամանակ կանցկացնեն միասին, որը կարող է լավ ընկերության և, ինչո՞ւ չէ, նաև գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաև՝ դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը»,- նշում է Կարեն Վարդանյանը:
Ամառային ճամբարին կարող են մասնակցել Սփյուռքում բնակվող 10-17 տարեկան երեխաները, ինչպես նաև ՀՀ-ի բոլոր մարզերում գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների սաները և հայաստանյան ընկերությունների աշխատակիցների երեխաները: Համապատասխան ֆինանսական միջոցներ ձեռք բերելու դեպքում, ճամբարին կմասնակցեն նաև անապահով ընտանիքի երեխաներ:
Ութօրյա տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ, նախնական հրազենային պատրաստություն, բուժպատրաստություն, քարտեզագիտություն) և մի շարք ժամանցային ծրագրերով:
«Միջոցառումները կանցկացվեն համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեցող ջոկատավարներների կողմից: Կապահովվի 3-անգամյա սնունդ և անհրաժեշտ գույքով կահավորված հարմարավետ սենյակներ: Ճամբարի սկզբում երեխաները բուժզննում կանցնեն և մասնագետի ուշադրության կենտրոնում կլինեն ողջ ընթացքում»,- նշում են միջոցառման կազմակերպիչները:
Սիրարփի Աղաբաբյան