«Յուքոմի» նախաձեռնությամբ Երևանում տեղակայվել է Cloudflare տվյալների նոր շտեմարանը: Cloudflare-ի այս վերջին տեղակայումը համացանցի ավելի քան 6 միլիոն աղբյուրները կդարձնի ավելի արագ հասանելի և ավելի ապահով՝ Հայաստանի ուղղությամբ տրաֆիկի սպասարկման ընթացքում:
Խոսելով Հայաստանի և, հնարավոր է, հարակից երկրների համար այս կարևոր ձեռքբերման մասին, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Հայաստանը երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում, որ երկարատև բանակցություններից հետո կարողացել է հասնել հաջողության ու ներդնել այս տվյալների շտեմարանը: Մինչ այդ նմանատիպ շտեմարան հետխորհրդային տիրույթում առկա էր միայն Մոսկվայում»:
Ընդգծելով Ucom ընկերության տեխնիկական հագեցվածության և անձնակազմի պատրաստվածության բարձր աստիճանը՝ ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը նշեց. «Յուքոմ» ընկերությունն Cloudflare-ի կողմից ընտրվել է որպես խոշորագույն տարածաշրջանային կապուղիների օպերատոր, և դրա շնորհիվ է, որ այս գործակցությունը կայացել է»:
Հայաստանի մայրաքաղաքում տվյալների շտեմարանի տեղակայումը Ասիայում 37-րդն էր, իսկ ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 103-րդը: Cloudflare-ը կայքերի պաշտպանության ու քեշավորման համաշխարհային համակարգ է:
Մասնավորապես՝ Հայաստանում «Յուքոմի» ծառայություններից օգտվող ինտերնետ-օգտատերերի համար Cloudflare-ի նոր շտեմարանի շնորհիվ սպասման ժամանակը (մվ) նվազել է 6 անգամ: «.am» դոմենային տիրույթի 768 հայկական կայքեր արդեն կցված են այս համակարգին, ինչն ապահովում է դրանց հասանելիության արագությունն ու անվտանգությունը: