Զգուշացե՛ք վտանգավոր սննդամթերքից. բժշկի խորհուրդները
Advertisement 1000 x 90

Զգուշացե՛ք վտանգավոր սննդամթերքից. բժշկի խորհուրդները

Շուկայում օր-օրի աճում է սննդամթերքի տեսականին ու դրանց հոսքը տարբեր երկրներից: Սպառողը միշտ չէ, որ կարդում, ուշադրություն է դարձնում վաճառվող ապրանքատեսակի բաղադրությանը, ժամկետին:  Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մայրերի, ովքեր իրենք են գազավորված ըմպելիքներ, չիպսեր գնում երեխաների համար: Այնինչ, համաշխարհային առողջապահական կազմակերպությունները վաղուց կազմել են սննդի «սև» ցուցակները:

Կոտայքի մարզի Աբովյան բժշկական կենտրոնի ընտանեկան բժիշկ, մանկաբույժ Էմմա Ծատուրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մանուկների առողջության մասին պետք է հոգ տանել վաղ հասակից և շատ ուշադիր լինել, թե ինչո՞վ է սնվում երեխան.
«Հատկապես աշնանը ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներով են այցելում հիվանդանոց:  Հենց ծնված օրվանից հարկ է մտածել երեխայի ստամոքսաաղիքային տրակտի նորմալ գործունեության մասին: Դա նշանակում է, նախ, մայրական կաթով կերակրել նորածնին:

Երիտասարդ մայրիկների շրջանում կար այն թյուր կարծիքը, որ կրծքով չկերակրելու դեպքում ավելի բարեկազմ կմնան, ինչը սուտ է: Այո՛, կերակման ընթացքում կանայք գիրանում են, բայց որոշ ժամանակ անց նիհարում են: Բացի այդ, կրծքով կերակրելը հակաքաղցկեղային պրոֆիլակտիկ միջոց է: Երեխային՝ 6 ամսականից մինչ 1 տարեկան հասակը մայրական կաթով կերակրելը պարտադիր է, իսկ հետո՝  ցանկալի: Ժամանակին Հայաստան շատ էին ներկրում մանկական շիլաներ, ինչը երբեք չի կարող փոխարինել մայրական կաթին: Պետական քարոզչությունն էլ տվեց իր արդյունքը և հիմա գրեթե բոլոր մայրերը կաթով են կերակրում բալիկներին»:
Բժշկուհին նշեց, որ սննդի տեսականի կա, որն արգելվում է մինչև 7 տարեկանը երեխաներին տալը.

«Սև ցուցակում են պահածոյացված սնունդը՝ լինի տանը պատրաստված, թե՞ գործարանային պայմաններում: Մինչև 2 տարեկան երեխաներին արգելվում է մեղրի օգտագործումը, որը, ճիշտ է, զարմանք է առաջացնում ծնողների մոտ, բայց պետք է հասկանալ, որ մեղրը ալերգիկ հակումներ ու նաև բոտուլիզմ կարող է առաջացնել:

Արգելվում են կոֆեին պարունակող ըմպելիքները՝ հատկապես գազավորված խմիչքները, որոնք քայքայում են փոքրիկի ստամոքսը: Կոնֆետները՝ նույնպես, քանի որ չափից  շատ քաղցրը կարող է հետագայում առաջացնել շաքարային դիաբետ՝ հատկապես, երբ ժառանգական գործոնն առկա է: Քաղցրավենիքը նաև քայքայում է երեխայի նյարդային համակարգը:

Մինչև 5 տարեկան երեխաներին հեռու պահեք պաղպաղակից, որը հավելումներ է պարունակում: Վտանգավոր սնունդ է համարվում ապխտած, ծխեցված մսեղենի տեսականին, տապակած մսեղենը փոխարինեք խաշած տարբերակով: Ամենանախընտրելի տարբերակը տավարի, թռչնի, ձկան մսերն են, որոնք առավել դյուրամարս են: Հարգելի ծնողնե՛ր, հե՛տ պահեք ձեր երեխաներին  արագ պատրաստվող սննդից, որոնց բաղադրության մեջ կրկին վնասակար հավելումներ են: Ավելի լավ է կաթնամթերքով այն փոխարինել»,-ասում է ընտանեկան բժիշկը:

Նա նաև նշեց, որ շատ կարևոր է սննդամթերքի պիտանելիության ժամկետը նայել տուփի վրա, և որքան երկար է այդ ժամկետը, այնքան շատ կոնսերվանտներ են պարունակում դրանք: Պատրաստի քաղցրավենիքներից, կրեմով խմորեղեններից խուսափել է պետք: Ավելի լավ է այն տնային պայմաններում պատրաստել:

Արտերկրից ներմուծված մրգերը նույնպես անվտանգ չեն, քանի որ գեղեցիկ ու երկարաժամկետ մրգերը պահպանության համար տարբեր քիմիական նյութերով են մշակում: Էմմա Ծատուրյանը խորհուրդ տվեց օգտվել միայն հայկական մրգերից, որոնք տեսքից գուցե այնքան էլ լավը չեն, բայց համեղ ու առողջարար են: Որպես կանոն՝ տապակած ուտելիքները՝  կարտոֆիլե ֆրին, փքաբլիթը և այլն, պատրաստվում են տասնյակ անգամ տապակված ձեթով, որը ոչ միայն վտանգավոր է, այլև քաղցկեղ կարող է առաջացնել:

Բժշկուհին հույս հայտնեց, որ մարզերում նույնպես կվերականգնվի դպրոցականների անվճար նախաճաշը և երեխաները ստիպված չեն լինի վտանգավոր սննդից օգտվել:

Եվ վերջում, անկախ տարիքից բժշկուհին առաջարկեց հետևել մի քանի խորհուրդների՝ Ճիշտ ժամանակին սնվել և հագեցած սնունդ ընդունել: Տկարության, մրսածության ու հոգնածության դեպքում չսնվեք, քանի որ դա ֆունկցիոնալ խանգարումներ կարող է առաջացնել: Ուշադիր պետք է լինել, որ երեխաները սնվելուց առաջ օճառով լվանան ձեռքերը և կարևորը՝ վիտամիններով հագեցած, առողջարար սնունդ օգտագործեն:

Անի Կարապետյան

Սեպտեմբեր 7, 2013

168.am