Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ իրենց տվյալների համաձայն՝ հարցվածների 38 տոկոսն առաջիկա ԱԺ ընտրություններում իր ձայնը տալու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, 33 տոկոսը՝ «Ծառուկյան» դաշինքին։
«ՀՀԿ-ն և Ծառուկյան դաշինքը առաջին և երկրորդ տեղի համար են պայքարում, և հնարավոր է՝ լինեն մեծամասնություն, որ կառավարություն ձևավորեն»,-ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ակտիվ ընտրողների 17 տոկոսը դեռ չգիտի՝ ում է ընտրելու, նրանք կարող են ձայն տալ տարբեր քաղաքական ուժերի:
«28 տոկոսն ասել է՝ գնալու ենք, բայց չենք ասի, թե ում ենք ընտրելու, և նրանք հիմնականում չեն մասնակցում ընտրություններին»,-ասաց նա և նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան», «Ելք» դաշինքների և «Հայկական վերածնունդ» կուսակցության ձայները տատանվում են 2,5-5,5%-ի սահմաններում: Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ակտիվության դեպքում հնարավոր է՝ ինչ-որ տեղ գրավեն:
«Մենք կարող ենք ունենալ 5-6 քաղաքական միավորում ԱԺ-ում, եթե ՀՀԿ-ն և Ծառուկյանն ավելի շատ ձայն չվերցնեն իրենց վրա, քանի որ իրենց ռեսուրսները բավականին հզոր են»,- ասաց նա։
Սոցիոլոգը նշեց, որ ընտրողների համար կարևոր է թեկնածուի կրթված լինել, դիրք, հեղինակություն ունենալը և կարևոր է, որ տարիքը լինի քառասունից բարձր։
tert.am