«Ապրիլի 2-ին ընտրություններ նշանակելը սխալ էր. բոլորը խառնվել են քարոզարշավով, ընտրություններով, և ոչ ոք չհիշատակեց ոչ մի հերոսի անուն։ Եթե հեռուստացույց դիտես՝ կտեսնես, որ ամեն մարդ իր աթոռի համար է պայքարում, այսօր ոչ մի հերոսի չեն հիշում։ Մանավանդ Ախուրյանում ինքնամոռաց տրվել են ընտրություններին։ Այնքան վիրավորված էի մեր գյուղապետից, որը տարված լինելով իր քարոզարշավով, մոռացել էր Պանթեոն տանող ճանապարհի մաքրության մասին, և մարտի 28-ին հազիվ կարողացանք գնալ գերեզմաններ։ Այդ պանթեոնում Արցախում զոհված շատ տղերք կան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախում հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մայրը՝ Լիանա Շահբազյանը։
«Ախուրյանն ընդհանրապես մոռացել է, որ Աշոտ անունով հերոս գոյություն ունի»,- նշեց հերոսի մայրը։
Հերոսի տատիկը՝ Գյուլվարդ Իսրայելյանը, հիշում է, որ դպրոցական տարիներին Աշոտը թեև «գլուխը կախ» երեխա էր, ուներ հանգիստ բնավորություն, բայց շատ համարձակ էր. «Իսկ ուսանողական տարիներին արդեն ամեն ինչից տեղյակ, գիտակ ուսանող էր, համարձակ անում էր իր գործը։ Իր խոսքը գործ էր, երբեք իր բերանից ելած խոսքը գետնով չէր տալիս։ Թե՛ ուսանողական տարիներին, թե՛ արդեն Ջեբրաիլում, երբ զենքեր էր ուսումնասիրում, ես էլ հարցեր էի տալիս, ասում էր՝ տա՛տ, շատ մի խորացիր, դա ռազմական գաղտնիք է։ Ես շատ էի ուրախանում, որ ամեն ինչից տեղյակ էր»։
Տատիկը պատմեց, որ դպրոցն ավարտելու ժամանակ Աշոտն ու իր երեք ընկերները որոշում են ռազմական ուղին ընտրել և ընդունվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. «Բայց համարձակների տեղ էր, երկուսն ինքնակամ հեռացան ինստիտուտից, և, երբ Աշոտին հարցրի, թե ինչու որոշեց մնալ, ասաց՝ տա՛տ, տղամարդու տեղ է, ուսադիր կրելը հեշտ գործ չէ։ Ռազմական ինստիտուտում էլ է ընկերներ ձեռք բերում, ու նորից 4 հոգով որոշում են վիճակահանության չմասնակցել և ընտրել Ջեբրաիլը, քանի որ ասում էին՝ տեղը շատ բարձր է, վերևից են հսկելու հայրենիքը։ Շատ ուրախ էր, շատ լավ էր, ոչ մի անգամ չի տրտնջացել։ Իր ընկերներից մեկն էլ երեկ զոհված Գոռն էր (խոսքը երեկ զոհված Գոռ Հովհաննիսյանի մասին է:- Ռ.Մ.)։ Հիշում եմ, որ, երբ Ջեբրաիլ գնաց, ես անհանգիստ էի, ասում էի՝ գոնե Գոռի հետ գնայիր, բայց Աշոտս ասում էր՝ տա՛տ, գնդակը վախենում է քաջից, դու մի՛ մտածիր։ Նաև նշում էր, որ՝ որտեղ էլ լինես, եթե մահ կա ճակատիդ գրված, ուրեմն՝ կմահանաս»։
Տիկին Գյուլվարդը հիշեց, որ մի անգամ, երբ զանգել էր Աշոտին, նա դիրքերում է եղել, և ասել է, որ պարկ է շարում. «Եվ երբ հարցրի՝ ա՛յ բալես, զինվոր չունե՞ս, որ դու ես շարում, պատասխանեց՝ տա՛տ, այդ կողմից թշնամին երևում է, վախենում եմ՝ երեխաներին հանկարծ խփեն։ Ինքը երեխեքի հետ տարբեր աշխատանքներ էր կատարում, լոպազ, հպարտ լեյտենանտ չէր։ Միշտ ասում էր՝ չեմ ուզում, որ զինվորներիցս մեկը հազա կամ փռշտա, ինձ թվում է, թե իրենց մայրն ինձ վրա կբարկանա, թե՝ լավ չնայեցիր իմ երեխային»։
Աշոտի եղբայրը որոշել էր պայմանագրային զինվորական դառնալ, ամեն ինչ պատրաստ էր, արդեն հրամանն եկել էր, որ աշխատանքի անցնի, բայց Աշոտի մահվան լուրն են լսում։ «Ոչ թե մենք որոշեցինք, որ չգնա այդ ուղղությամբ, այլ պետականորեն որոշում են, որ, եթե մի եղբայրը զոհվել է, թող երկրորդը զինվորական չդառնա։ Հիմա Աշոտի եղբայրը ԱԻՆ-ի Ախուրյանի հրշեջ ծառայությունում է աշխատում»,- պատմեց Աշոտի տատիկը։
Աշոտի ընտանիքը դժգոհ է, որ Աշոտին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան են տվել, քանի որ ասում են՝ նա դիրքերը չի լքել, ավելին՝ եղել է 18 խոշտանգվածների մեջ։ «Այդ երկաթները հույսեր ու սփոփանքներ չեն, ուղղակի թող հարգեն»,- նեղսրտեց տատիկը՝ հավելելով, որ, եթե մայրը որդու կորստյան վշտի մեջ չլիներ ու գիտակցեր, չէր վերցնի այդ մեդալը։
«Աշոտս միշտ ասում էր, որ հենց այնպես չի մահանալու, իր մահն ամբողջ աշխարհն է իմանալու, այդպես էլ եղավ։ Մայրը հայրենիքին արժանի հերոս էր դաստիարակել։ Մութ ու ցուրտ տարիներին երեխա է մեծացրել, ուրախ է, որ հերոս է իր տղան, բայց որդու մահվան մտքի հետ չի կարողանում հաշտվել։ Իսկ երեկվա Գոռի դեպքը (խոսքը երեկ զոհված Գոհ Հովհաննիսյանի մասին է.- Ռ.Մ.) երկրորդ անգամ սպանեց Աշոտի մորը: Չեք պատկերացնի՝ մեր տանն ինչ վիշտ էր, ինչ գոռում-գոչյուն հանեց խեղճ կինը, ու անընդհատ ասում էր՝ ամա՜ն, ես գիտեմ, թե Աշոտիս նոր տուն կբերեն, ես մինչև հիմա չէի պատկերացնում, որ որդիս չկա, հիմա Գոռի մահով նոր զգում եմ, թե ինչ եմ կորցրել ու ոնց եմ դիմացել»,- ասաց նա։
Աշոտ Շահբազյանի ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել հերոսի մորը՝ Լիանա Շահբազյանին, հետևյալ հեռախոսահամարով՝ 077 97 41 49։
Ռազմիկ Մարտիրոսյան