Քաղաքապետարանը տեղից շարժվեց դանակը ոսկորին հասնելուց հետո միայն
Օրեր առաջ Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներից մեկում կատարվել է գողություն: Անհետացել են նոր տեղադրված ջեռուցման կաթսան ու մարտկոցները:
Մանկապարտեզում վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռ նախորդ տարեվերջից՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Մանկապարտեզի տնօրենը պատմում է, որ հաստատությունը ապրիլի 2-ին ընտրատեղամաս է եղել, ընտրություններից 2-3 օր անց վաղ առավոտյան շինարարներից մեկը զանգել է իրեն ու հայտնել, որ նոր տեղադրված տաքացուցիչն ու մարտկոցներն անհետացել են:
‹‹Մանկապարտեզը եղել է ընտրատեղամաս, 2-3 համարյա ամբողջ գիշեր այստեղ էինք, մի գիշեր անցավ, մյուս օրը՝ ընտրության 2-րդ կամ 3-րդ օրը՝ առավոտյան ժամը 7 անց 50 րոպեին շինարարը զանգեց ինձ, ասաց: Պահակը ոչինչի չի տեսել, ոչինչ չի նկատել: Եղել է ուշադիր, շրջել է, նայել է, շինարարներն աշխատանք են կատարել մինչև ուշ ժամ, մինչև գիշերը ժամը 24-ը շինարարներն աշխատել են, եղել են միջանցքում, իրենք էլ ոչ մի բան չեմ լսել, չեն նկատել››:
Տնօրենը ոստիկանության ‹‹Մուշի›› բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցի գործադրմամբ ներխուժել է/են նախակրթարան ու տարել ջեռուցման կաթսան ու մարտկոցները: Ոստիկանությունը զբաղվում է տնօրենի հաղորդմամբ: Տնօրենի խոսքով՝ մինչև այսօր ոստիկանությունից նորություն չեն ստացել:
Ըստ տնօրենի՝ նախնական վարկածով պատուհանից են ներս մտել, տարել իրերը:
‹‹Բակի շղթաներն են օգտագործել, մտել ներս՝ բակ, հետո լուսամուտով ներս ու երևի այդպես տարել Արիստոնն ու մարտկոցները››,- ասում է տնօրենը:
Մանկապարտեզի տնօրենը գողացված իրերի արժեքներն է նշում՝ ջեռուցման կաթսան արժեցել է մոտ 485 հազար դրամ, իսկ մարտկոցները՝ թվով 20՝ շուրջ 60 հազար ՀՀ դրամ, բոլորն էլ նոր գնված են եղել:
‹‹Այս նշածս գումարից բացի պետք է հաշվի առնենք շինարարների աշխատանքը, տեղադրումը››:
Մարտկոցները նորից տեղադրվել են, սակայն կաթսա չեն էլ փորձում բերել-դնել, մտածելով՝ որ նորից գողանալու են:
-Պահակը մանկապարտեզում մնում է մինչև ժամը 24:00-ը, աշխատում է՝ ըստ վարձատրության չափի՝ առավոտյան ժամը 6:00-ից մինչև ժամը 9:00-ը և երեկոյան ժամը 18-ից մինչև 24:00-ը: Լինում է, որ իմ խնդրանքով գիշերները երբեմն մնում է: Շինարարը մինչև ուշ գիշեր աշխատել է, տեղում է եղել, այդ պահակի փաստը այդքան էլ չէինք կարևորում, որ մնար,-ասում է տնօրենը:
Գյումրու համայնքային մանկապարտեզներում սաների թիվն ու խմբաքանակները քիչ են, հետևաբար պահակները լիարժեք դրույքով չեն աշխատում և համայնքային մանկապարտեզներում էլ չկան գիշերային պահակներ: Այս մասին Գյումրու քաղաքապետարանը տարիներ շարունակ տեղյակ է, մանկապարտեզների հաստիքացուցակների վերանայման անհրաժեշոտության մասին ‹‹Ասպարեզը›› առաջարկությունների փաթեթ ուղարկել էր ոչ միայն Գյումրու քաղաքապետարանին, այլև ԿԳ նախարարությանը, սակայն դեռևս հաստիքացուցակների փոփոխության մասին այս կառույցները որևէ քայլ չեն ձեռնարկել:
Գյումրու քաղաքապետարանում հարցի լուծումը գողության այս դեպքից հետո են միայն գտել: Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն ասում է, որ անվտանգության սարքեր են տեղադրելու: Հենց երկուշաբթի էլ հարցն ամբողջությամբ ուսումնասիրվելու է, այդ սարքերը տեղադրվելու են համայնքապատկան բոլոր մանկապարտեզներում:
Անի Մկրտչյան