Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխարգելելու նպատակով: Վերջինի մասով պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել շրջայցերն ու խստացնել հսկողությունը ոչ միայն փողոցներում, այլև բակային տարածքներում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աշխատակազմի առևտրի և սպասարկումների, առողջապահության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նաև հետևողական վերահսկողություն իրականացնել բացօթյա սննդի կետերում սանիտարական պայմանների պատշաճ ապահովման ուղղությամբ: