
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապես գույքագրված հասցեների համաձայն արդեն իսկ մեկնարկել Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և համատիրությունների տարեկան ծրագրերով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի նորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեռ անցյալ տարի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գույքագրվել և կազմվել էր բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման 2016-2019 թվականների աշխատանքների իրականացման ծրագիրն ու ժամանակացույցը: Հանձնարարվել է հետևել աշխատանքների որակի պահպանմանը, ինպես նաև բնակչությանը պարբերաբար ներկայացնել ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ կազմված ծրագիրն ու ժամանակացույցը: