Մշակույթի նախարարությունը իրականացրեց ցուցադրական շտաբային մարզումներ
Advertisement 1000 x 90

Մշակույթի նախարարությունը իրականացրեց ցուցադրական շտաբային մարզումներ

Մշակույթի նախարարությունը իրականացրեց ցուցադրական շտաբային մարզումներ, որոնք ուղղված են հնարավոր պատերազմական իրավիճակում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը։

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց նախարարությունն իրականացնում է  ընդհանուր զորահավաքային պլանի շտաբային մարզումներ։

«Յուրաքանչյուր նախարարություն խաղաղ ժամանակաշրջանից դեպի պատերազմական իրավիճակ ունի իր անելիքներն ու գործառույթները: Շտաբային մարզման ընդհանուր պլանում բարոյահոգեբանական վիճակի բարելավման կետի համար պատասխանատու է Մշակույթի նախարարությունը: Այսօրվա ցուցադրական վարժանքի նպատակն է հատուկ աշխատանքային խմբերի միջոցով ցույց տալ, թե Մշակույթի նախարարությունն ինչպես է կազմակերպում այդ աշխատանքը»,- նշեց Արթուր Պողոսյանը։

ՀՀ մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Հայկազ Խեչումյանը շատ է կարևորում նմանատիպ միջոցառումները, քանի որ երկրի պաշտպանության հարցում ընդգրկված են բոլոր գերատեսչությունները, որոնցից յուրաքանչյուրն իր անձնակազմի հետ իրականացնում է շտաբային մարզումներ:

«Այս մարզումների շնորհիվ բարձրանում է նաև գերատեսչությունների ներդաշնակ գործակցության աստիճանը ։ Միջոցառման անհրաժեշտ քայլերից է անձնակազմի հավաքը, նախարարի կողմից խնդիրների առաջադրումը ըստ ստեղծված իրադրության»,- ընդգծեց Խեչումյանը։

Ցուցադրական շտաբային մարզումների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության ղեկավար կազմը ծանոթացավ հնարավոր ռազմական իրավիճակներում իր պարտականություններին, անելիքներին և հետագա գործողությունների ժամանակացույցին։

Այլ գերատեսչություններից հրավիրված ներկայացուցիչներ ծանոթացան, թե ինչ գործառույթներ ունի Մշակույթի նախարարությունը պատերազմական, արտակարգ իրավիճակներում՝ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման կետի իրագործման առնչությամբ:



Նման նյութեր