Ամերիկացի փոփ-աստղ Քեթի Փերին թողարկել է կանանց կոշիկների դեբյուտային հավաքածուն: Շուրջ 40 զույգ կոշիկների թվում լրագրողների ուշադրությունը հատկապես գրավել են «Հիլարի» անվանմամբ վարդագույն կոշիկները:
Երգչուհին չի թաքցնում, որ իր հավաքածուի այդ մասը նվիրել է նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին, որն անցյալ տարի Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար և ընտրություններում զիջել հանրապետական Դոնալդ Թրամփին: Կոշիկները դասական ոճով են՝ սուր լեզվակ, չափավոր ոտնաթումբ և քառակուսի կրունկներ:
Կոշիկի այդ զույգը փորձելու իրավունքը, բնականաբար, տրվել էր Հիլարի Քլինթոնին: Նա դա արել է կանանց՝ թվով ութերորդ համաշխարհային գագաթնաժողովում, որը Նյու Յորքում անցկացվել է անցած շաբաթ: Փերին իր կողմից այդ մասին պատմել է Twitter-ի և Instagram-ի իր էջերում:
Այդ կոշիկը ներկայում առաջարկվում է 139 դոլարով: Հավաքածուի հեղինակը գնորդների ակտիվությունը խթանելու նպատակով ժամանակավոր զեղչ է հայտարարել:
Քեթի Փերին Քլինթոնի համոզված կողմնակիցն է: Երգչուհին քանիցս բարեգործական համերգներ է տվել հաջակցություն նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածուի:
Քեթի Փերին, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների առաջին տասնյակում է: Հանդեսի վարկանիշն անցյալ տարվա նոյեմբերին գլխավորել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը 170 մլն դոլար է վաստակել 12 ամսվա ընթացքում:
Փերին (41 մլն դոլար) այդ ցուցանիշով զիջել է բրիտանուհի Ադելին (80,5 մլն դոլար), Մադոննային (76,5 մլն դոլար), ամերիկուհիներ Ռիհաննային (75 մլն դոլար) և Բեյոնսեին (54 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: