ՀՀ առողջապահության նախարարության, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից հանրապետության մարզերի 72 բժշկական հաստատություններում իրականացրած «բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում մասնագետները հետազոտել են 17 հազար 158 քաղաքացու: Հիվանդանոցային բուժօգնության կարիք են ունեցել 954 քաղաքացի, հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների կարիք են ունեցել 324 քաղաքացի:
ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ «բաց դռների օրեր» ծրագրի իրականացման նպատակն է մարզերում բուժօգնության հասանելիության ապահովումը և տրամադրվող բուժծառայությունների որակի բարձրացումը:
«Նախ ասեմ, որ սա զանգվածային միջոցառում է, եթե այլ դեպքերում տարբեր ծրագրերում ընդգրկվում են 4-5 հազար քաղաքացի, ապա այս անգամ` 17 հազարից ավելի, որը մեծ թիվ է: Հաջորդը, ինչպես գիտեք, մենք բազմիցս բարձրաձայնել ենք մարզերում նեղ մասնագետների պակասի հարցը: Մոտավոր միջին թվով մարզերում նեղ մասնագետների թիվը 3 անգամ պակաս է Երևանից: Ահա այս միջոցառման գլխավոր խնդիրներից է նեղ մասնագետների հասանելիությունն ապահովելը»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով` այս ծրագրերով, իհարկե, մասնագետների պակասի խնդիրը չի լուծվում, սակայն ժամանակավոր բացը լրացվում է:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդացության կառուցվածքում առյուծի բաժինը կազմում են սրտանոթային հիվանդությունները: Հետազոտվածների շուրջ 30 տոկոսի դեպքում այդ հիվանդություններն առկա են: Սրտանոթային հիվանդություններին հաջորդում են ակնաբանական հիվանդությունները` կազմելով 20 տոկոս: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ակնառու է մարզերում ակնաբույժների պակասը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի սրտաբանական ծառայության ղեկավար Լևոն Քոչարյանը, ով անձամբ մասնակցել է ծրագրին և ընդունել բազմաթիվ քաղաքացիների, նշեց, որ ստուգումներն անցկացվել են անվճար:
«Մեր բժշկական կենտրոնից 60 մասնագետ մասնակցել է այս ծրագրին, 2 հազարից ավելի հիվանդների հետ ենք աշխատել, եթե կարիք է եղել, ապա հիվանդները հավելյալ հետազոտվել են Երևանում: Ասեմ, որ գերակշռող մասը զարկերակային հիպերտենզիայով հիվանդներ էին, այսինքն` արյան ճնշումը չկարգավորված: Տրամադրվել է խորհրդատվություն, բաժանվել է անվճար դեղորայք»,-ասաց Լևոն Քոչարյանը:
Սրտաբանը նշեց, որ հիվանդացության և մահացության ցուցանիշով առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, հետևաբար շատ կարևոր է բուժվելը, շարունակական վերահսկողությունը: Նրա խոսքով, արյան ճնշումը չվերահսկելը հիմնականում կապված չէ բժիշկների գիտելիքների կամ դեղերի պակասի հետ:
«Խնդիրը հիմնականում կապված է մարդկանց իրազեկվածության հետ: Շատերը կամ ընդհանրապես դեղ չեն խմում, կամ ունեն բարձր ճնշում, բայց իրենց լավ են զգում ու չեն խմում: Չեն պատկերացնում, որ թեկուզ իրենց լավ են զգում, բայց բարձր ճնշում ունենալը վտանգավոր է: Լինում են դեպքեր, դեղերը խմում են այն ժամանակ, երբ վատ են զգում, այնինչ, անհրաժեշտ է հետևողական օգտագործել դեղերը` լինելով բժշկի վերահսկողության տակ: Եղել է դեպք, երբ եկել էին մեզ մոտ ճնշումը բարձր, հևոցով, կապտած, բայց դեղ չէին խմում»,-ասաց Լևոն Քոչարյանը:
Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ այս ամենից կատարում են հետևություններ հետագա աշխատանքը կազմակերպելու համար: Նախ` պարզ է դարձել, որ նման միջոցառումները պետք է լինեն շարունակական, իրականացվեն առնվազն վեց ամիսը մեկ: Դրանից բացի` մարզերի հիվանդանոցները նեղ մասնագետներով համալրելու համար գործուն մեխանիզմներ պետք է մշակել:
«Փաստը մնում է փաստ, որ այն, ինչով մենք առաջնորդվում ենք, այն է` երիտասարդներ մարզեր գործուղելը, աշխատանքային հրապուրիչ պայմաններ ստեղծելը, լիարժեք չեն բավարարում, և ունենք խնդիր: Հետևաբար, նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Դրանից բացի, անհրաժեշտ է Երևանի և մյուս մարզերի բժիշկների համագործակցությունն առավել սերտացնել»,- հավելեց նա:
«Բաց դռների օրեր» ծրագիրն իրականացվել է 2017 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում: