Հայտնի դերասան Միքայել Պողոսյանը Facebook-ում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցությանը.
«Հարգելիներս՝ քանի որ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնահատականը իմ տարիների վաստակն է, և հետևաբար, թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմացություններ։ Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես բարձրացրել եմ իմ հեղինակած ստեղծագործություններում՝ վտանգելով անվտանգությունս և ինչու չէ՝ խաղաղ ապագաս… Սակայն ինձ միշտ էլ ուղղորդել են իմ համոզմունքները ու բարոյական սկզբունքները, և ես միշտ էլ գիտակցել եմ, որ պետք է անեմ այն, ինչը չանել իրավունք չունեմ:
…Փաստն այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որևէ կուսակցության չեմ պատկանել… Ավագանում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից՝ հստակ նշելով իմ դիրքորոշումը կուսակցական թոհուբոհին մաս չդառնալու մասին… Ընդունելով առաջարկը՝ ես միայն մտածել եմ, որ լինելով Ավագանու կազմի մեջ՝ կկարողանամ որևէ ձևով օգտակար լինել մեր քաղաքին…
Ցավալին միայն այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը, ստվերվում՝ անցած ճանապարհը… Ինչևէ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և խնդրում ժամանակ՝ շտկելու այս խնդիրը, որը գտնվում է օրենքի շրջանակներում և հետևաբար, ժամանակ է պահանջում…»։