Վերջին օրերին ադրբեջանցի հակերները մեծածավալ հարձակում են գործել հայ հայտնիների սոցիալական էջերի վրա: Նրանք սկզբում կոտրեցին Էրիկի, ապա նաև դերասան Ռաֆայել Երանոսյանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը, իսկ հանգստյան օրերին նրանց հաջողվեց կոտրել նաև Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանի Ելենա Վարդանյանի Instagram-ի էջը:
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ շատ է սրտնեղել ստեղծված իրավիճակի համար, բայց և արագ կողմնորոշվել ու քայլեր է ձեռնարկել.
«Ցավում եմ, որ իմ էջը ևս հասանելի դարձավ ադրբեջանական հակերներին: Սուրբ Զատիկն էի նշում, երբ ընկերներս զանգեցին ու հայտնեցին, որ իմ էջում ադրբեջանական դրոշով լուսանկարներ են հայտնվել: Ես անմիջապես փորձեցի որոշ քայլեր ձեռնարկել, սակայն, քանի որ մենք չունենք համապատասխան կառույց, ով կզբաղվի նման դեպքերով, հասկացա, որ ավելի ճիշտ կլինի հենց իմ ընկերների օգնությանը դիմել: Ես իմ ֆեյսբուքայն ընկերներին, ովքեր նաև ինձ հետևում էին Instagram-ում, խնդրեցի «սպամ» ուղարկել, որի արդյունքում կարճ ժամանակ անց իմ էջը ջնջվեց: Ուրախ եմ, որ կարողացանք միահամուռ աշխատել ու հասնել արդյունքի»,- նշեց Ելենեն՝ հավելելով, որ նման գործողություններն իրեն չեն կարող կոտրել.
«Ինչ խոսք, այս ամենն ինձ դուր չեկավ, ես փոքր-ինչ սրտնեղեցի, բայց սա աշխարհի վերջը չէր ինձ համար: Ես շատ հանգիստ հրաժարվեցի իմ էջից ու շուտով արդեն նոր էջ կբացեմ, որով կշարունակեմ շփվել իմ հետևորդների հետ»,- ընդգծեց Ելենան:
Դերասանուհուն ուրիշ բան է առավել հուզել.
«Ցավում եմ, որ մենք ու նաև սոցիալական կայքերը չունեն պաշտոնական համապատասխան կառույց, ով թույլ չի տա նման դեպքեր լինեն: Իհարկե, ես հասկանում եմ, որ համացանցը բաց դաշտ է ու կարգավորումները նման պարագայում դժվար կլինեն, բայց, կարծում եմ, առավել մեծ ուշադրություն ցուցաբերելը միայն շահավետ կլիներ»,- եզրափակեց ելենա Վարդանյանը: