Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլևս չի աշխատում SAS-ում. մանրամասներ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլևս չի աշխատում SAS-ում. մանրամասներ. armtimes.com

Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջև:

Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների և ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:

Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:

Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ:

Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե՞ ոչ:

– Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել:

Որևէ ձևով չպատժեցի՞ն ձեզ:

– Չէ, չէ, չեն պատժել:

Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել:

– Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի:

Դո՞ւրս եք եկել աշխատանքից:

– Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել:

Ձայնագրությունում ասվում է, որ 0 ձայն եք բերել, հետո ձայներ տարա՞ք, թե՞ չէ:

– Ի՞նչ ձայնագրություն:

Լրատվամիջոցներով տարածվել էր ձեր ժողովի ձայնագրությունը, որտեղ աշխատակիցներից մեկին հարցնում էին՝ ով ինչքան ձայն է բերել:

– Հա, դե էդ բոլորն էլ գիտեն: Մենակ ես չէի, բոլորին հերթով զանգո՞ւմ եք:

Եթե բոլորին կարողանանք գտնել՝ զանգելու ենք:

– Չէ, չէ, խնդիրներ չեն եղել:

Մյուս գործընկերներն է՞լ խնդիրներ չեն ունեցել:

– Չէ, բոլորն էլ աշխատում են:

Բա ինչո՞ւ էին էդպես վախեցնում: Ո՞վ էր ձեզ հետ նման կոպիտ տոնով խոսողը:

– Ես չգիտեմ, կոպիտ չէր, երևի իր խոսելու ձևն է:

Իսկ ո՞վ էր ժողովն անում:

– Ճիշտն ասած, բոլորին չեմ ճանաչում: Համենայնդեպս կոպիտ չէր, ինձ թվում է:

Դե ձեզ ասում է՝ «մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվելզարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք»: Սա վիրավորական չէ՞:

– Դե հիմա, ամեն մարդ մի ձև ունի: Մենակ ինձ չեն ասել, այնպես որ ես կոպիտ չհամարեցի:

Ճի՞շտ է, որ Արտակ Սարգսյանի եղբայրն էր ժողովը վարողը՝ Արամը:

– Ես չգիտեմ…Ես իրենց հետ ոչ մի կապ չունեմ, համ էլ ինքը աշխատողների հետ շատ լավ է վարվում:

Իսկ ինչո՞ւ չեք աշխատում:

– Հիմա չեմ ուզում աշխատել, չեմ աշխատում:

Զուգադիպությո՞ւն է այդ ժողովը և ձեր աշխատանքից դուրս գալը:

– Ի՞նչ կապ ունի ժողովը, ժողով է, ամեն մեկն էլ մի ժողովում ինչ-որ մի բան ասում է: Բոլորն էլ արել են ժողով:

Հիշեցնենք, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունները:

armtimes.com

 



Նման նյութեր