«Եռաբլուրում տեսե՞լ եք թուրքմենի գերեզմանը»,- հարցրեց ազատամարտիկ Հրահատ Մխիթարյանը: Հարցն անակնկալ էր՝ փորձեցի հասկանալ. «Զոհվածի մականո՞ւնն է թուրքմեն եղել»:
«Չէ ազգությամբ էր թուրքմեն, միասին ծառայել ենք Աֆղանստանում: Նրա կյանքում ամեն բան կապվեց հայի ճակատագրի հետ: Թուրքմենը ծանր վիրավոր էր ու հայ տղաներից մեկը նրան արյուն տվեց, որով էլ փրկեց կյանքը: Հետո հայ տղան զոհվեց ու արդեն հայի արյուն իր մեջ ունեցող թուրքմենը եկավ Ղարաբաղ՝ ընկերոջ տեղը կռվելու»,-հուզմունքով պատմեց ազատամարտիկը:
Մարդասիրությունը ու երախտագիտությունը ազգ ու հայրենիք չի ճանաչում: Թուրքմենը իր մեջ ներարկված հայի արյունը հեղեց պատերազմի դաշտում:
«Շատ ուժեղ տանկիստ էր, հրաշալի տղա ու զոհվեց»,-պատմեց Հրահատը:
Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:
Զինակից ընկերը նշեց, որ սկզբում սպարապետը երկմտել է, ասելով՝ մուսուլման է, սակայն հետո որոշում է կայացվել հայ ազատամարտիկներին վայել թաղել նաև թուրքմենին:
Հազար փառք ու պատիվ Արցախի հողին, որտեղ նահատակվել է նաև թուրքմենը:
Լուսինե Ղազարյան
henaran.am