Մայրաքաղաքը շնչում և ապրում է իր բնակիչներով, և ես սիրում եմ Երևանն այդպիսին. Տարոն Մարգարյան. tert.am
Advertisement 1000 x 90

Մայրաքաղաքը շնչում և ապրում է իր բնակիչներով, և ես սիրում եմ Երևանն այդպիսին. Տարոն Մարգարյան. tert.am

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ և Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն անդրադառնում է մրցակից քաղաքական թիմերի կողմից իր հասցեին հնչող քննադատությանը, քաղաքի զարգացման ծրագրերին, «Հին Երևան» նախագծին և, վերջապես, հարցին, թե որն է համարում իր գլխավոր գործը քաղաքապետի պաշտոնում:

-Պարո՛ն Մարգարյան, Երևանի քաղաքապետի պաշտոնում շուրջ 5 տարվա աշխատանքում որը կմատնանշեիք որպես Ձեր, պատկերավոր ասած, ամենամեծ գործը և որը՝ ամենաանհաջողը:

-Ամենակարևորն այն է, որ մենք վերականգնեցինք երևանցու հավատը իր քաղաքի հանդեպ, իր ապագայի հանդեպ։ Մեր քաղաքացիներն անմիջականորեն մասնակցում են Երևանի ապագայի կերտմանը, իրենց ձայնը, խոսքը և գործը որոշիչ են եղել այս տարիների ընթացքում, և ես վստահ եմ՝ այդպես կլինի նաև մայիսի 14-ից հետո: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նրանք շատ են, բոլոր հարցերը միանգամից լուծելն իրատեսական չէ, մեզանից մի անգամ ավելի մեծ հնարավորություններ ունեցող մայրաքաղաքները նույնպես կանգնած են բազում-բազմապիսի հարցերի առջև, և քաղաքի զարգացումն ու պատմությունը երբեք չեն ավարտվելու:

-Չե՞ք կարծում, որ Երևանի տրանսպորտի հարցը Ձեր ամենաթույլ կողմ է: Համենայնդեպս, Ձեր ընդդիմախոսները մատնանշում են՝ «տրանսպորտում կռացած օրիորդներ»:

-Մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագիրը մշակման փուլում է: Այս ոլորտի բարեփոխումները լինելու են մեր հաջորդ տարիների գերակայություններից մեկը: Միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի և կառավարության ներգրավմամբ մենք կտանք Երևանում հանրային տրանսպորտի խնդրի լուծման մեր տարբերակը: Մեր նախընտրական ծրագրում մանրամասն անդրադարձ է կատարված իրականացվելիք ծրագրերին:

-Ի՞նչ զարգացման ծրագրեր կան Երևանում առաջիկայի համար:

-Մեր նախընտրական ծրագիրն իր մեջ է ամփոփում մեր տեսլականը Երևանի ապագայի մասին, տալիս է պատասխաններ ամենահրատապ և կարևոր խնդիրներին: Մեր ծրագրում մենք ամփոփել ենք և՛ մեր, և՛ միջազգային փորձը: Այն հավակնոտ է, բայց իրատեսական: Քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում պատրաստ ենք շարունակել սկսածը՝ հանուն Երևանի, հանուն ժամանակակից, հարմարավետ, կանաչ, լուսավոր, բարեկարգ, մշակութային, կիրթ և առողջ Երևանի:

-Դուք ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանի որդին եք: Ձեզ՝ որպես պահպանողական կուսակցության ներկայացուցչի ու Անդրանիկ Մարգարյանի որդու, չե՞ն անհանգստացնում երևանյան փողոցները՝ անվանակոչված սովետական դեմքերի անուն-ազգանուններով և կամ խորհրդանիշներ պարունակող:

-Հայրս մեծ ներդրում ունի Հայաստանի անկախության և պետականության գործում: Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ այս կապակցությամբ: Պահպանողականությունն ի դեպ տարբերվում է հեղափոխականությունից նաև նրանով, որ դեմ է «քանդել-սրբել-տանելուն»: Մեր ժողովրդի պատմությունը տարբեր էջեր է ունեցել, էպոխաներ են փոխվել: Ես անձամբ դեմ եմ պատմության վերանայմանը, ռևանշիզմին, արհեստական մաքրազերծումներին: Սովետական Հայաստանը մեր պատմության մի մասն է արդեն դարձել: Ու չեմ ցանկանում հիմա վերլուծություններ անել այս թեմայով: Մեր նորագույն պատմության հերոսները նույնպես պիտի իրենց տեղն ու անունը հավերժացնեն մեր մայրաքաղաքում: Քաղաքը պիտի պահպանի իր պատմության շերտերը, թե չէ ամեն հաջորդ կցանկանա նորից վերագնահատել անցյալը և իր պատկերացումներով պատմությանը գնահատական տա:

-Առաջին անգամ արձանագրվում է կին քաղաքապետի թեկնածուի մասնակցություն Երևանի քաղաքապետի ընտրություններում: Ձեր մրցակցությունը Զարուհի Փոստանջյանի և «Ելք»-ի հետ ինչպե՞ս եք դիտարկում:

-Մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել, մենք մեր քաղաքացիներին ներկայացնելու ենք թե՛ մեր կատարած աշխատանքների հաշվետվությունը, թե՛ մեր տեսլականը Երևանի ապագայի մասին: Ունենք փորձ, լավ թիմ, հաջողված բազում ծրագրեր և ցանկություն՝ ևս մեկ անգամ ստանալ երևանցիների վստահությունը և շարունակել աշխատել հանուն Երևանի:

-«Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն երգեց։ Դուք պատրաստվո՞ւմ եք նրան «հակադարձել» և եթե այո, ապա ի՞նչ երգով:

-Լավ է, որ ընտրությունների առիթով Երևանի պաշտոնական օրհներգը սովորում են, կատարում են: Բայց եկեք PR-ը տարբերենք աշխատանքից:

– Զբոսնո՞ւմ եք քաղաքով և ո՞ր փողոցներով եք սիրում զբոսնել:

– Շատ հաճախ՝ և՛ աշխատանքային պարտականությունների շրջանակներում, և՛ ընտանիքով, և՛ այն պահերին, երբ ժամանակս ներում է: Սիրում եմ իմ հայրական տան բակը, իմ մանկության Երևանը: Մայրաքաղաքը շնչում և ապրում է իր բնակիչներով և ես սիրում եմ Երևանն այդպիսին՝ մարդկանցով, ժպիտներով և բարությամբ լի՝ լինի դա Փոքր Կենտրոնը, թե ծայրամասային վարչական շրջանները:

Ամբողջությամբ՝ life.tert.am