«Ելք» դաշինքի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի հիմնը երգելը սոցցանցերում լայն քննարկումների տեղիք տվեց: Արմեն Աշոտյանն ասաց, որ ֆալշ է երգում, մեկնաբանություն եղավ, որ Նիկոլ Փաշինյանը քշում է Երևանի ագռավներին: Երգը ձայնագրվել է «Արձագանք» ստուդիայում:
Այս առնչությամբ Aravot.am-ը «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանին հարցրեց՝ ինչպե՞ս եք Դուք գնահատում Նիկոլ Փաշինյանի երգը, իսկապե՞ս այդքան վատ երգեց, ձայնային տվյալներ ընդհանրապես չունի՞:
Նա պատասխանեց. «Երգելը, դա առաջին հերթին հոգեվիճակ է: Եթե միայն ձայնով լիներ, էշից լավ երգիչ չէր լինի: Կարևորը՝ մարդը նվիրումով է երգում, իսկ ուղղումները մենք սիրով արել ենք և արդեն շատ լավ հնչում է և երգը ստացվել է»:
Ինչ վերաբերում է ագռավ քշելուն՝ Եղիշե Պետրոսյանն ասաց. «Այնքան ագռավ քշող եմ տեսել իմ կյանքում, որ արդեն սոխակ են դարձել ու, նաև, վաստակավորներ են: Հետո, կարծեմ, Նիկոլը չի հավակնում երգչի տիտղոսին: Նա ակտիվ քաղաքական գործիչ է, որը նաև փորձեց երգել: Շատ են այնպիսիները, որոնք ոչ գործիչ են, ոչ երգում են, անգամ չեն էլ խոսում, կնոպկա սեղմելուց էլ մեկ-մեկ փուստ են անում: Իսկ ագռավներին պետք է քաղաքից քշել՝ քաղաքը մաքուր պահելով»:
Ամբողջությամբ՝ aravot.am