Չնախատեսված վայրերում աղբ թափողները շուտով կտուգանվեն
Advertisement 1000 x 90

Չնախատեսված վայրերում աղբ թափողները շուտով կտուգանվեն

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով Հայաստանի աղբահանության վիճակին՝ ասել է. «Վիճակը ողբերգական է»:

«Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու մեր որդեգրված քաղաքականությունը՝ այսօրվանից մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,- հայտարարել է նա։

Վարչապետը ՀՀ Արդարադատության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել և առաջարկություն ներկայացնել աղբահանության և սանիտարամաքրման ոլորտում իրավախախտումների համար հստակ պատասխանատվության նորմեր սահմանելու, նախատեսված վարչական տույժերը խստացնելու ու անհրաժեշտության դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Գործադիր մարմնի ղեկավարներին հանձնարարվել է երկամսյա ժամկետում նրանց ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության ու սանիտարական խնդիրների վերացման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել:

ՀՀ ոստիկանապետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանություն և պարեկապահակային ուժերով կանխել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը:

«Անթույլատրելի վիճակ է: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության վայրերին: Սևանի եկեղեցու տարածքում ու ճանապարհներին այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է այնտեղ զբոսաշրջիկ չտանել: Պետք է մաքսիմալ կոշտ լինել»,- ասել է Կ. Կարապետյանը:

Արմինե Վարդանյան



Նման նյութեր