Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը
Advertisement 1000 x 90

Դաշտանադադարն ու կնոջ հոգեսեռական վիճակը

Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:

Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե `

  • Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,
  • Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:

Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են`

  • Սեռական ցանկության նվազում
  • Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ
  • Օրգազմի բացակայություն
  • Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա

Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է`

    • Գերգրգռվածությունը
    • Հաճախակի լացը
    • Անհանգստության մշտական զգացողությունը
    • Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը
    • Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները
    • Անքնությունը
    • Խրոնիկ հոգնածությունը

Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:

Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:

urolog.am