Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի Հայաստան: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:
«Դատապարտյալի փոխանցման համար ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը ջանքեր են գործադրել և ներկայում Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների խոչընդոտը վերացված է»,- նշեց Վիգեն Քոչարյանը:
Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (կեղծ փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով: