ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր դեպի վերև, արծաթափայլ մետաղյա բազմագալար լարով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 1985թ. ծնված բնակիչը: Վերջինս իրավասու մարմինների կողմից որոնվում էր՝ որպես անհետ կորած։