Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:
Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում:
Նրա հարցաքննությունից Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն:
Ի դեպ, Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական, մեզ հետ զրույցում ասում էին. «Հայի վիդ չկար վրեն, երևի դրսի շպիոն է, որին չգիտես ինչի ուղարկել են Գյումրի՝ այս քաղաքի անդորրը խաթարելու»:
Ինչևէ, ինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված, բանակից մեկ ամիս առաջ ազատված երիտասարդը Ստեփանավանից հայտնվեց Գյումրիում ու ո՞րն էր սպանության դրդապատճառը, այս հարցերի շուրջ զրուցեցինք նրա հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:
Ի դեպ, պաշտպանը ևս հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մուսուլման հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ տվեց սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը:
Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ, Ա. Ջ.-ն 14 տարի բնակվել է Հունաստանում, Հայաստան վերադարձել է նախորդ տարի՝ 2016 թվականին: Նա, ըստ հանրային պաշտպանի, բնակվում է տատիկի ու պապիկի հետ:
Արամայիս Հայրապետյանի ասելով, Ա. Ջ.-ն մինչ այս դեպքը բնակվել է պապիկի հետ՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, իսկ տատիկը Հայաստանի Հանրապետությունում չէ, բնակվում է Հունաստանում: Փաստաբանի ասելով, ծնողների մասին խուսափում է խոսել, հետևաբար և հայտնի չէ նրանք բաժանվա՞ծ են, թե՞ մահացած:
Քույր, եղբայր ունենալու մասին ևս ոչինչ չի ասել, ունի միջնակարգ կրթություն, նախկինում դատապարտված չի եղել: Արամայիս Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե նրան արդեն առաջադրվե՞լ է մեղադրանք:
Փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ, սակայն կառաջադրվի այսօր, գործն արդեն քննվում է քննչական գլխավոր վարչության վարույթում, այդ իսկ պատճառով հանրային պաշտպանության կարգով նրա շահերի պաշտպանությունը կիրականացնի Երևանի հանրային պաշտպանի գրասենյակը:
Մեր հարցին ինչո՞ւ էր եկել Գյումրի, ո՞ւմ ուղեկցությամբ, Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ըստ Ա.Ջ.-ի խոսքերի, առաջին անգամ էր Գյումրիում, ուղեկցողներ չի ունեցել, եղել է մենակ:
Իսկ թե ինչո՞ւ էր Ստեփանավանից հասել հանրապետության երկրորդ քաղաք, փաստաբանն ասաց, որ այդ տվյալները չի կարող հրապարակել: Նա հորդորեց սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ վարույթի այս փուլում այդ տվյալը իրավասու է հրապարակել միայն նախաքննական մարմինը:
«Նախ, որպես նախաքննական գաղտնիք՝ ես չեմ կարող հրապարակել, երկրորդն էլ որպես փաստաբանական գաղտնիք՝ առանց իմ պաշտպանյալի դիրքորոշմանը ծանոթ լինելու, չեմ կարող այդ մասին խոսել», -ասաց հանրային պաշտպանը:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am