ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ www.e-draft.am: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, այլք: Սուրեն Քրմոյանը կոչ է արել ապագա իրավաբաններին ակտիվություն ցուցաբերել իրավաստեղծ պետության ձևավորման հարցում և նշել, որ edraft.am-ն ունի մի շարք առանձնահատկություններ, ինչը կայքը դարձնում է առավել ճկուն, այն է՝ էլեկտրոնային առաջարկությունների, մեկնաբանությունների ներկայացման, ուղարկված առաջարկների ընդունման կամ մերժման հիմքերին ծանոթանալու, առցանց տիրույթում հանրային քննարկման մասնակցելու հնարավորություն:
Հանդիպման ընթացքում ԱՆ ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը ուսանողներին է ներկայացրել կայքի գործիքակազմը, այն գործնականում կիրառելու հնարավորությունները և պատասխանել ապագա իրավաբանների հարցերին: