Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)
Advertisement 1000 x 90

Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
  • Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
  • Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

urolog.am