Ի հեճուկս Երևանի քաղաքապետարանի պնդումների, Երևանում տրանսպորտի սակագինը էժան չէ, իսկ որոշ քաղաքների համեմատ նույնիսկ ավելի թանկ է: Այս մասին նշված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կզմակերպության հերթական հրապարակման մեջ:
Այնտեղ, մասնավորապես, ասվում է.
«Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ապրիլի 21-ին Ազատություն ռադիոկայանի եթերում ներկայացրել է իրենց կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքները:
Անդրադառնալով երևանցիների համար թերևս ամենացավոտ` տրանսպորտի խնդրին` Սուքիասյանը, մասնավորապես ասել է, որ աշխարհում գրեթե չկա մի մայրաքաղաք, որտեղ տրանսպորտը կարժենա 100 դրամ (20 ցենտ): Սուքիասյանը փաստացի կրկնել է իր գործընկերների այն միտքը, որ այսօրվա տրանսպորտի որակը ուղիղ համեմատական է նրա սակագնին. «որքան վճարում եք, այդքան էլ ստանում եք»:
Մենք ուսումնասիրեցինք համադրելի երկրների մայրաքաղաքներում տրանսպորտի գործող սակագները, որոնք ոչ միայն ավելի բարձր չեն, այլև որոշ դեպքերում ավելի ցածր են Սուքիասյանի նշած 20 ցենտից:
Այսպիսով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հասարակական տրանսպորտի սակագինը (ավտոբուսների ու մետրոյի) կազմում է 50 թեթրի (100 դրամ կամ 21 դոլարային ցենտ): Ընդ որում, Վրաստանում բոլոր միկրոավտոբուսները ունեն օդորակիչներ, իսկ տրանսպորտի մեծ մասը կազմված է նոր ավտոբուսներից:
Երևանից բավականին ավելի բարձր միջին եկամուտ և գրեթե 3 միլիոն բնակիչ ունեցող Կիևում ավտոբուսի սակագինը սկսվում է 4 հրիվնայից (75 դրամ կամ 15 ցենտ): Նույնքան արժի 52 կայարանից ու 3 գծերից բաղկացած Կիևի մետրոպոլիտենի տոմսի գինը (Երևանի մետրոպոլիտենը 5 անգամ ավելի փոքր է):
Երևանից տասնյակ անգամներ ավելի մեծ ու էականորեն ավելի հարսուստ Մոսկվայի բնակիչները օգտվում են տրոնսպորտի աբոնենտային համակարգից: Ռուսաստանի մայրաքաղաքում ամսեկան 60 անգամ երթևեկելու համար նախատեսված քարտ գնելու պարագայում մեկ ուղևորափոխադրման արժեքը կազմում է 13,3 ռուբլի (110 դրամ կամ 22 ցենտ):
Իսկ ահա Բաքվի հասարակական տրանսպորտի սակագինը մոտ 2 անգամ ավելի էժան է Երևանից՝ 0,2 մանաթ (55 դրամ կամ 11 ցենտ): Համարյա նույնքան են նաև Կիշենյովի բնակիչները վճարում ավտոբուսով երթևեկելու համար՝ 3 լեյ (70 դրամ կամ 14 ցենտ):
Այսպիսով, ի հեճուկս Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի պնդումների, Երևանում տրանսպորտի սակագինը էժան չէ, իսկ որոշ քաղաքների համեմատ նույնիսկ ավելի թանկ է: Ավելին, թվարկված քաղաքներում, մեղմ ասած, շատ դժվար է գտնել քաղաքի կենտրոնում միկրոավտոբուսների մեջ խցկված քաղաքացիների: